ԵՎՐԱՏԵՍԻԼԱՅԻՆ
Երեկ ՄՀՀ համալիրում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 20011»-ի առաջին համերգային ծրագիրը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել մրցույթի մասնակիցները: Իսկ բուն մրցութային համերգը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: Մրցույթին Հայաստանի հետ միասին կմասնակցեն եւս 12 երկրներ` Լատվիան, Ռուսաստանը, Մոլդովան, Բուլղարիան, Լիտվան, Ուկրաինան, Մակեդոնիան, Նիդերլանդները, Բելառուսը, Շվեդիան, Վրաստանը, Բելգիան: Փառատոնի բացումն իր կատարումով կազդարարի Ռուսաստանի ներկայացուցիչը, իսկ եզրափակիչ ելույթի իրավունքը վերապահված է Բելգիայի ներկայացուցչին: Այս տարի Հայաստանը միջազգային մրցույթ-փառատոնում ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով: Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ն իր հաղթանակով Երեւան բերեց մեր հայրենակից Վլադիմիր Արզումանյանը:
ԲՀԿ-ԻՑ ՀՀԿ-ԻՆ
Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի գյուղապետ Հրայր Գալստյանը կիրակի կայացած ընտրություններից մի քանի օր առաջ դուրս էր եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու դիմում գրել: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում նորընտիր գյուղապետը հաստատել է, որ ինքն ընտրվելուց անմիջապես հետո Հանրապետականին անդամագրվելու որոշում է կայացրել: Նա չի ցանկացել մեկնաբանել իր որոշումը եւ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իր վրա մարզպետարանից ճնշումներ են եղել, դրանք անվանել է «աբսուրդ»:
ՄԻԱՅՆ ՆՈԿԱՈՒՏ
Հայազգի մարզիկ, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն Անսելմո Մորենոյի հետ մենամարտից առաջ խոստացել է նոկաուտի ենթարկել իր հակառակորդին: Մորենոյի նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո IBO վարկածով աշխարհի չեմպիոնը կդառնա նաեւ WBC վարկածով աշխարհի չեմպիոն, որից հետո, ըստ նրա ներկայացուցիչ Գարրի Շոուի, Վիկն իր ուժերը կսկսի փորձել «մարտեր առանց կանոնների» մրցամարտում:
ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Գյումրու ոստիկանապետ Արթուր Բաչախչյանը եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը: Իսկ Ախուրյանի ոստիկանապետ է նշանակվել Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը, ում նկատմամբ նախկինում քրեական գործ էր հարուցվել` պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Ամասիայի ոստիկանապետի պաշտոնում էլ նշանակվել է Աշոցքի ոստիկանապետը:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՐՄԵՆԻԱ»-ՈՒՄ
Henaran.am-ի տեղեկություններով` առաջիկայում փոխվելու է «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունը: Շրջանառվում են ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի եւ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի մեկնաբան Արտակ Հերիքյանի անունները: Չի բացառվում, որ «Արմենիա»-ի գլխավոր խմբագիր նշանակվի ATV-ի «Փաստ» լրատվականի տնօրեն Վարդուհի Սիմոնյանը: Իսկ «Արմնյուզ»-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանն էլ նշանակվելու է ATV-ի տնօրեն` շարունակելով ղեկավարել «Արմնյուզ»-ը: Հանրային հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների պատասխանատու Սամվել Ֆարմանյանը հայտնել է, որ Արտակ Հերիքյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: