«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Խորհրդակցության սկզբում Պարոն Չերչինյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամում տեղի ունեցած կադրային նշանակումներն ու փոփոխությունները։
Մասնավորապես, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ է նշանակվել Արման Խաչատրյանը։ Վերջինս համակարգելու է ճանապարհների պահպանման աշխատանքների համակարգման, միջին նորոգման ծրագրերի կառավարման ու ճանապարհների գույքագրման և ծրագրերի մշակման ոլորտները։
Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Արկադի Չերչինյանին պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար։ Նա նշել, որ քաջ ծանոթ է Ճանապարհային դեպարտամենտի աշխատակազմին, սերտորեն համագործակցել է վերջիններիս հետ և վստահություն է հայտնել, որ հիմնադրամի թիմի հետ կկարողանան լուծել իրենց առջև դրված բոլոր խնդիրները։
Գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանն այսուհետև համակարգելու է հիմնանորոգման ծրագրերի կառավարման ու նախագծերի ուսումնասիրման և ճանապարհների անվտանգության ապահովման ոլորտները։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի մեկ այլ հրամանով գործադիր տնօրենի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը փոխադրման կարգով նշանակվել է գործադիր տնօրենի խորհրդական։ Գործադիր տնօրենի խորհրդական է նշանակվել նաև Մհեր Շամիլյանը։
Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, ըստ ոլորտների, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր։


























































































