Հունգարիայում հիմնադրված և հիմնականում արևելաեվրոպացի ուղևորների համար նախատեսված Wizz Air ցածրարժեք ավիաընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը Աբու Դաբիում, այս մասին հայտնում է է Reuters-ը։ Ընկերությունը նման որոշում է կայացրել Մերձավոր Արևելքում գրեթե երկու տարի տևած անկայունության և հաճախակի օդային տարածքի փակման հետևանքով, ինչը հանգեցրել է ուղևորահոսքի նվազման և շահութաբերության բացակայության։
Wizz Air-ի գլխավոր տնօրեն Յոզեֆ Վարադին նշել է, որ ընկերությունը վերադառնում է իր «հիմնական» շուկաներին՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, որտեղ մրցում է Եվրոպայի խոշորագույն ավիաընկերության՝ Ryanair-ի հետ։ «Մենք վերջին տարիներին բավարար ներդրումներ չենք արել այս շուկայում։ Այժմ կարող ենք ամբողջությամբ կենտրոնանալ այս շուկայի հնարավորությունների վրա», – ասել է Վարադին Reuters-ին։
Ընկերության բաժնետոմսերը Լոնդոնի բորսայում աճել են 2.6%-ով, սակայն վերջին երկու տարիներին նվազել են մոտ 62%-ով՝ Pratt & Whitney շարժիչների հետ կապված խնդիրների պատճառով, որոնք հանգեցրել են որոշ ինքնաթիռների ժամանակավոր չգործարկմանը։
Wizz Air-ը առաջիկա հինգ տարիների ընթացքում Airbus-ից պատվիրել է 280 ինքնաթիռ, որոնց մեծ մասը կօգտագործվի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Այս տարածաշրջանը կազմում է ընկերության բիզնեսի մոտ երկու երրորդը, մինչդեռ Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ավստրիան՝ մոտ 30%, իսկ Աբու Դաբին՝ մոտ 5%։
Նա նաև նշել է, որ Աբու Դաբիում Wizz Air-ի ցածրարժեք մոդելը դժվարությամբ էր աշխատում՝ շարժիչների արագ մաշվածության և խոստացված շուկաներ՝ Հնդկաստան և Պակիստան, մուտք չստանալու պատճառով, ինչը սահմանափակել է աճի հնարավորությունները։
Wizz Air-ը, որը Աբու Դաբիում գործել է համատեղ ձեռնարկության միջոցով՝ տեղական ADQ ընկերության հետ, կդադարեցնի իր բոլոր տեղական չվերթները սեպտեմբերից։
Թարգմանեց՝ Անի Վարդանյանը





























