ArmLur.am-ին կրկին ահազանգում են «Վեստ Արմենիա» ֆուտբոլային թիմի խաղացողներն այն մասին, որ արդեն տևական ժամանակ է, ինչ թիմի սեփականատերը հրաժարվում է խաղացողների աշխատավարձերը տրամադրել:
«Վեստ Արմենիա»-ի խաղացողները պնդում են, որ հունվարից առ այս պահ աշխատավարձ չեն ստացել, ինչ-ինչ գումար՝ որպես խրախուսանք, տրամադրել են միայն ՈՒԵՖԱ-ի համաշխարհային գումարները ստանալուց հետո:
Մենք զրուցեցինք «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Սամվել Սուքիասյանի հետ, որ նշեց հետևյալը.
««Վեստ Արմենիա»-ի հետ իմ պայմանագիրը վաղուց ավարտվել է: Մոտ երկու ամիս է ես այլևս այդ ակումբի սպորտային տնօրենը չեմ: Մինչ իմ դուրս գալը, կարող եմ ասել այն, որ ես ինքս էլ, որպես սպորտային տնօրեն, աշխատավարձ չեմ ստացել այնքան, ինչքան իմ ֆուտբոլիստները: Առ այս պահը ես բոլորի պես աշխատավարձ չեմ ստացել»,- ասաց ակումբի նախկին սպորտային տնօրենը և հավելեց, որ ինքը՝ որպես սպորտային տնօրեն, որևէ առնչություն չի ունեցել ֆինանսների հետ:
«Ակումբն ունի և՛ նախագահ, և՛ գործադիր տնօրեն»,- ասաց Սամվել Սուքիասյանը:
Ֆուտբոլիստներն իրենք են փորձել կապ հաստատել պատասխանատուների հետ, սակայն, ինչպես մեր զրուցակիցը նշեց. «պատասխանատուները վաղուց անհասանելի են»:
Նանիկ Աղասյան






















































































