Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ ամերիկյան մասնավոր ընկերությունը կարող է ստանձնել «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու նպատակով, այս մասին լրագրողներին հայտնել է դեսպանն ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։
Չնայած նրան, որ Հայաստանը և Ադրբեջանը մարտ ամսին համաձայնության են եկել «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պահանջել մի շարք լրացուցիչ պայմանների իրականացում՝ նախքան փաստաթղթի պաշտոնական ստորագրումը։ Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխի ՀՀ Սահմանադրությունը՝ այնտեղից հանելով իրենց դիտարկմամբ Ադրբեջանի տարածքների վերաբերյալ հղումները, նկատի ունենալով Արցախը։
Հիմնական խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը», որը պետք է կապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի անկլավի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով։ Հայաստանը հրաժարվում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ պնդելով, որ այն ունի իր տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիք պարունակող իմաստներ և վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզին։ Ադրբեջանը պնդում է, որ միջանցքը չպետք է ամբողջությամբ լինի Հայաստանի վերահսկողության տակ՝ արտահայտելով մտահոգություն, որ Երևանը չի կարող երաշխավորել անխափան մուտք։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կտրականապես դեմ է միջանցքի վերահսկողությունը որևէ երրորդ կողմի փոխանցելուն։
32 կմ երկարությամբ այս միջանցքը դարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտներից մեկը , հայտնել է դեսպանը։ «Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա աննշան հարց չէ։ Այս հարցը ձգվում է արդեն տասնամյակ՝ պարզապես 32 կիլոմետր ճանապարհի համար»,- ասել է Բարաքը Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Այնպես որ, ԱՄՆ-ն առաջարկում է. «Լավ, մենք կվերցնենք այն։ Տվեք մեզ այդ 32 կիլոմետրը 100 տարվա վարձակալությամբ, և դուք բոլորդ կարող եք օգտվել դրանից»։
Բարաքի մեկնաբանությունները առաջին անգամ պաշտոնապես հաստատում են, որ Թրամփի վարչակազմը առաջարկել է միջանցքի կառավարումը հանձնել ամերիկյան մասնավոր առևտրային ընկերության, որը կծառայի որպես չեզոք երաշխավոր։ Carnegie Endowment-ի վերջին զեկույցում նշվում է, որ այս ծրագիրը հիմնված է ավելի վաղ Եվրամիության առաջարկի վրա, ըստ որի՝ ամերիկյան լոգիստիկ ընկերությունը կկառավարի և կհսկի բեռնափոխադրումները միջանցքով՝ տվյալները թափանցիկ կերպով կիսելով բոլոր կողմերի հետ։
Զեկույցում նշվում է, որ այս առաջարկը հիմնված է Վրաստանի անջատողական շրջաններում միջազգային վերահսկողության նախադեպերի վրա՝ նպատակ ունենալով բավարարել Բաքվի պահանջը՝ երկարաժամկետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, միաժամանակ պահպանելով Երևանի ինքնիշխանությունը միջանցքի նկատմամբ։
Մինչդեռ Թուրքիան լռելյայն հորդորում է Բաքվին ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ հիշեցնելով ադրբեջանական կողմին տարածաշրջանային փոփոխվող իրադրության մասին, ինչպիսին է Իրանի ազդեցության նվազումը։
Middle East Eye պարբերականի հաղորդմամբ հենց Թուրքիան է ի սկզբանե առաջարկել, որ միջանցքը կառավարի մասնավոր ընկերություն, որը կհաստատվի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից։ «Սակայն հայկական կողմը պահանջել է, որ այդ ընկերությունը գործի նաև միջանցքի Նախիջևանի հատվածում, ինչը Բաքվի համար անընդունելի էր», — ասել է աղբյուրը։
Հավելելնք, որ թուրք պաշտոնյաները Հայաստանը դիտարկում են որպես այսպես կոչված թուրքական Միջին միջանցք տրանսպորտային ծրագրի կարևոր օղակ, որը Թուրքիան կկապի Կենտրոնական Ասիայի հետ։ Թուրքական ընկերություններն էլ հետաքրքրված են Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հնարավորությամբ։
Իր հերթին երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտենում է հաջող լուծման։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։ Աշխարհում ընթացող մի շարք հակամարտությունների մասին խոսելիս Թրամփը հիշատակել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ կարծիք հայտնելով, որ Երևանն ու Բաքուն մոտենում են իրենց տարաձայնությունների լուծմանը։
«Մենք լուծել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած խնդիրը։ Ինչպես երևում է, դա լավ արդյունքի կհանգեցնի»,-ասել է Թրամփը։
Անի Վարդանյան





























