Երեկ ՀՀ Վերահսկիչ պալատը Գեղարքունիքի մարզում էր, որտեղ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց մարզում հայտնաբերված 26,1 մլն դրամի խախտումները: Դրանք հիմնականում կապված են քաղաքաշինության ոլորտի հետ: Զաքարյանը խոսեց շատ «չոր»` վստահեցնելով, որ այսուհետ իրենք խիստ են լինելու հատկապես թոշակների եւ նպաստների խախտումների դեպքում:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում Վերահսկիչ պալատն արտագնա նիստ էր հրավիրել, որին ներկա էին նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, մարզպետ Նվեր Պողոսյանը, տարբեր համայնքի ղեկավարներ եւ ՎՊ խորհրդի անդամներ:
Իշխան Զաքարյանը ներկայացրեց, թե իրենց կատարած աշխատանքի արդյունքում մարզում ինչ խախտումներ են արձանագրվել: Ընդհանուր առմամբ, Վերահսկիչ պալատը Գեղարքունիքի մարզում բացահայտել է 26,1 մլն դրամի խախտումներ: Դրանք կապված են Գեղարքունիքի մարզպետարանի պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման հետ: «2009-2010 թվականներին Գեղարքունիքի մարզում շինարարության ծավալները կազմել են 478 մլն դրամ, հսկիչ չափագրումները` 289 միլիոն դրամ, ծավալային հավելագրումները` 6,5 մլն դրամ, անորակ աշխատանքը` 15,8 մլն, այլ բնույթի խախտումները` 3,3 միլիոն դրամ»,-ներկայացրեց վերահսկիչ պալատի նախագահը:
Իսկ ինչ վերաբերում է այն ընկերություններին, որտեղ պետությունն ունի 50 եւ ավելի տոկոս բաժնեմաս (դրանք հիմնականում բուժհաստատություններ են), ապա ըստ Զաքարյանի` արձանագրվել են 21,7 մլն դրամի խախտումներ, որից 19,7 մլն դրամը վերականգնվել է պետբյուջե, իսկ 7,3 մլն դրամն էլ պետք է վերականգնվի եւ տրվի ընկերություններին: Նշվեցին նաեւ կրթական ծրագրերում արձանագրված խախտումները, որոնք 7,2 մլն դրամ են կազմում:
Զաքարյանը տեղեկացրեց, որ սոցիալական ծառայության ոլորտում եւս խախտումներ են արձանագրվել: Մասնավորապես Մարտունիում` 2,3 մլն դրամ, Վարդենիսում` 7,3 մլն դրամ, Գավառում` 5,2 մլն դրամ, Սեւանում` 7,2 մլն դրամ, Ճամբարակում` 19 մլն դրամ:
«Նորից ուզում եմ խոսել սոցիալական ծառայությունների մասին, ես եւս մեկ անգամ պնդում եմ, որ նպաստների համակարգում արձանագրված ցանկացած խախտման համար խստագույնս պիտի պատասխանատվություն կրի տվյալ ծառայությունը կամ աշխատակիցը կամ ուղիղ ղեկավարը, մենք անընդհատ խոսում ենք այդ խախտումների մասին, բայց այդ խախտումները շարունակվում են»,-ասաց ՎՊ նախագահը: Նա հավելեց, որ 2012 թվականի հունվարի 1-ից Վերահսկիչ պալատն օպերատիվ հսկողություն է իրականացնելու ամբողջ հանրապետության թոշակ-նպաստ համակարգում. «Դա նշանակում է, որ ամեն մարզում Վերահսկիչ պալատի ամեն մի վարչություն 5-6 ամիս պիտի աշխատի, որպեսզի մենք այլեւս չխոսենք, որ ցուցակներում մարդիկ կան գրանցված, որոնք չկան, բայց թոշակներ են ստանում»:
Բացահայտված խախտումների թիվ մեկ պատասխանատուն` Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, շատ կարճ խոսեց` նշելով, որ իսկապես խախտումներ արձանագրվել են. «Երկու տարվա ընթացքում` 480 մլն ծավալային խախտումներ են արձանագրվել, որն ամբողջովին վերականգնվել է, եւ 15 մլն-ի անորակ աշխատանք, որը եւս վերականգնվել է»:
«Ժողովուրդ»-ը փորձեց Վերահսկիչ պալատի ղեկավարից տեղեկանալ, թե իրենց հայտնաբերած խախտումներից հետո ինչու են կազմակերպությունները հերքում, թե նման բան է եղել, որի վառ օրինակը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին ղեկավար Թամար Պողոսյանն է: «Ես պետք է անկեղծ պատասխանեմ, թող ոչ մեկը չնեղանա, շատ լրատվամիջոցներ մասնագիտական խնդիրներ ունեն, դա բացարձակ յուրացում չէ, մենք յուրացման մասին չենք խոսում, մենք խոսում ենք 13 կետից բաղկացած խախտումների մասին»,-պարզաբանեց Զաքարյանը:
Նիստի ավարտից հետո լրագրողներն անհամբեր սպասում էին ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանին` վերջինիս մի քանի հարց ուղղելու համար: Սակայն չնայած լրագրողների հարցերին պատասխանելու կանխավ տրված խոստմանը, մարզպետը նիստի ավարտից անմիջապես հետո «թռավ»: Պարոն Պողոսյանը կտրականապես հրաժարվեց խոսել նաեւ մեզ հետ: Իսկ մեր հարցերը, թե արդյոք մարզպետին է պատկանում Չարենցավանի ոլորանների մոտ գտնվող ավազի հանքը, եւ արդյոք Պտղնի գյուղում գոյություն ունեցող միակ մանկապարտեզը մարզպետը գնել է, մնացին անպատասխան: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների հավաստմամբ` Նվեր Պողոսյանը մարզպետարանում ունի մի շրջանակ, որի հետ է միայն շփվում. այդ թվում են նրա վարորդը, որի հետ «մութ» գործեր է անում, եւ ՀՀԿ-ական փոխմարզպետ Արտյուշ Ղուկասյանը: Պողոսյանը, լինելով նախկին ոստիկան, շահութաբեր գործերն այնպես է դասավորում, որ վերջում միշտ «չոր» է դուրս գալիս: Այդպես եղավ նաեւ Վերահսկիչ պալատի ստուգումներ ժամանակ:
ԱՆՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՄԱՐԶՊԵՏԸ ՓԱԽԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ