Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական շրջադարձ է կատարել դեպի ավտորիտարիզմ՝ թիրախավորելով իր քաղաքականության՝ Արևմուտքի հետ մերձեցման և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեմ հանդես եկողներին՝ առաջին հերթին Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին և գործարար Սամվել Կարապետյանի կողմնակիցներին։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Իտալիայի միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (ISPI) Ռուսաստանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ալդո Ֆերարին (Aldo Ferrari):
«Հայաստանում տեղի ունեցողը վարչապետ Փաշինյանի ավտորիտար շրջադարձն է, որը ուղղված է նրանց դեմ, ովքեր դեմ են նրա՝ Արևմուտքի հետ մերձեցման և Լեռնային Ղարաբաղից վերջնականապես հրաժարվելու, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները կտրուկ խզելու քաղաքականությանը», – նշել է փորձագետը, ով նաև Վենետիկի Կա-Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր է։
Ֆերարին հիշեցրել է, որ 2025 թվականի փետրվարին Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը կառավարությանը թույլ է տալիս ձգտել անդամակցել Եվրոպական միությանը։
Իտալացի փորձագետի խոսքով, հայկական հասարակությունը խորը պառակտված է՝ բաժանված նրանց միջև, ովքեր շարունակում են աջակցել Փաշինյանին՝ չնայած Ղարաբաղի կորստին և Ադրբեջանի հետ հարաբերություններում դիվանագիտական թուլությանը, և ընդդիմության, որը փորձում է արդյունավետ վերակազմակերպում իրականացնել։
«Գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, ով հայտարարել էր նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին, պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Բայց ավելի մեծ աղմուկ է առաջացրել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները՝ կաթողիկոս Գարեգին Երկրորդի վիրավորանքներով և հատկապես արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանի ու Բագրատ Գալստանյանի ձերբակալություններով», – ասել է պրոֆեսորը։
Ֆերարիի խոսքով, հենց Գալստանյանին անցած տարի հաջողվել էր մեծաթիվ մարդկանց դուրս բերել փողոց՝ բողոքելու Փաշինյանի քաղաքականության դեմ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանին մի քանի գյուղերի փոխանցման կապակցությամբ։
«Այս հարձակումը մեծ արձագանք է գտել Հայաստանում, մի երկրում, որտեղ Եկեղեցին դեռ համարվում է ամենահեղինակավոր ինստիտուտը։ Ակնհայտ է, որ Փաշինյանը Եկեղեցին համարում է իր իշխանությանը դիմադրության գլխավոր աղբյուրը, մինչդեռ նրա ժողովրդականությունը կտրուկ անկում է ապրում։ 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունները ավելի հստակ պատկեր կտան երկրի քաղաքական զարգացումների մասին», – եզրափակել է պրոֆեսորը։
Անի Վարդանյան























