Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է․
«Այսօր այցելեցի «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո:
Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: Սիրելիներ,ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն ունի մոր և մանկան համար առանձնացված հատված, որտեղ միմյանցից առանձին պատիժ են կրում երկու այլ կանայք` իրենց մոտ ունենալով մինչև երեք տարեկան երեխա: Նշված հատվածում առկա է նաև խոհանոց՝ կահավորված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Նշված հատվածի բոլոր սենյակները վերանորոգված են և ապահովված են շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարմամբ, կահավորված են մանկական մահճակալներով, ինչպես նաև երեխայի հիգիենայի կազմակերպման անհրաժեշտ պարագաներով:
Սահմանված ընթացակարգերի համաձայն՝ մինչև երեք տարեկան երեխա ունեցող բոլոր կանանց տրվում են նաև երեխայի համար նախատեսված անհրաժեշտ սնունդ, հիգիենայի պարագաներ, մանկական հագուստ, իսկ նրանց հասանելի զբոսանքը տրվում է մասնաշենքի առջևի հատվածում գտնվող ոչ զբոսախցային բաց տարածությունում:
Պետության պարտականությունն է ապահովել անվտանգ միջավայր յուրաքանչյուր երեխայի համար, նույնիսկ՝ քրեակատարողական հիմնարկի պատերից ներս։ Այս համատեքստում Քրեակատարողական ծառայության ղեկավարի հետ քննարկեցինք երեխաների և կանանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովման և շարունակական աջակցության ցուցաբերման հարցերը։»

























































































