Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել կոմիտեի համակարգմամբ կառուցված կամ վերակառուցված դպրոցների մարզադահլիճներ՝ դիտարկելու շենքերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև հետևել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման ծրագրի ընթացքին։
Կոմիտեի ղեկավարն արձանագրել է, որ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան N33 և Մ. Սարյանի անվան N86 հիմնական դպրոցների մարզադահլիճներում նախորդ այցի ժամանակ վերհանված թերությունները շտկվել են։ Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է շահագործման ընթացքում ի հայտ եկած խնդիրները հիմնովին շտկել մինչև սեպտեմբերի 1-ը, բոլոր աշխատանքները կատարել որակով, որպեսզի ուսումնական նոր տարում աշակերտները կարողանան լիարժեք օգտվել մարզադահլիճներից։
Կոմիտեն հետևողականորեն իրականացնում է ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված շինարարական ծրագրերի մոնիթորինգ, որպեսզի որպեսզի շահագործման ընթացքում ի հայտ եկող տարբեր հարցերն օպերատիվ կարգավորվեն երաշխիքային սպասարկման շրջանակում, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով գնահատվեն շենքերի ֆունկցիոնալությունն ու հարմարավետությունը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շինհրապարակում կատարած շրջայցի ընթացքում Եղիազար Վարդանյանն արձանագրել է, որ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, իրականացվում են բարեկարգման աշխատանքները։ Կոմիտեի նախագահը ցուցումներ է տվել ծրագիրն իրականացնողներին վերջին փուլի աշխատանքներն ավարտել մինչև օգոստոսի 15-ը՝ ուսումնական նոր տարին բարեկարգ պայմաններում սկսելու հնարավորություն տալով ուսանողներին և դասախոսներին։
























