Քննարկել են շվեյցարական նախագահության նախաձեռնությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 16-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Անգելո Գնեյդինգերին, որի ժամանակ քննարկել են ԵԱՀԿ օրակարգային խնդիրներն ու շվեյցարական նախագահության նախաձեռնությունները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը եւ հատուկ ներկայացուցիչ Գնեյդինգերն անդրադարձել են Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության շրջանակներում հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ։

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Այս համատեքստում Անգելո Գնեյդինգերը վերահաստատել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, հատկապես ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ։

 




Լրահոս