Չնայած 7 օր է՝ ինչ Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի մասին բացասական ստատուսներ չի գրել, բայց «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունները փաստում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ կերպ հրաժարվելու մտադրություն չունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու իր նպատակից։
Վարչապետը ոչ միայն շարունակում է ճնշում գործադրել եկեղեցու նկատմամբ ուժային մեթոդներով, այլեւ անցել է անանուն պայքարի։
Վերջին օրերին «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է էլեկտրոնային անանուն նամակներ, որոնց բովանդակությունը հուշում է, որ դրանք շրջանառվում են հենց իշխանական թեւից։ Անանուն նամակները ներառում են տարատեսակ տեղեկություններ Հայ առաքելական եկեղեցու գործունեության վերաբերյալ՝ մասնավորապես վաճառվող մոմերից ստացված եկամուտների, եկեղեցու սպասավորների աշխատավարձերի եւ այլ ներքին հարցերի մասին՝ ակնհայտ նպատակ ունենալով կասկածի տակ դնել Եկեղեցու բարոյական հեղինակությունն ու ֆինանսական թափանցիկությունը։
Այս ամենը դիտարկվում է որպես կառավարության կենտրոնացված ջանք՝ թուլացնելու Էջմիածնի ազդեցությունը հանրության շրջանում։ Ընդ որում, ուշագրավ է, որ Եկեղեցու շուրջ ծավալվող այս գործընթացները զուգադիպում են Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի եւ նրա՝ գործում որպես մեղադրյալ ներգրավվելու ժամանակացույցի հետ։ Հիշեցնենք, որ Գասպարյանն ընկալվում էր իբրեւ իշխանությունների վստահելի դեմքերից մեկը Էջմիածնում, մինչդեռ այժմ անանուն նամակի միջոցով Դիանա Գասպարյանի անունը կապվում է Կաթողիկոսի կամ եկեղեցու ֆինանսական գործերի հետ։
Այս ամենը թույլ է տալիս ենթադրելու, որ վարչապետ Փաշինյանը տարբեր մեթոդներով՝ թե՛ ուղղակի ճնշումներով, թե՛ անանուն արշավներով փորձում է համակարգված պայքար վարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ անձամբ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ։
Միայն ԱԱԾ դիմակավորներին Մայր տաճար ուղարկելով՝ նա չի բավարարվում:
ՔՊ-ի դռնփակ նիստում քննարկվել է Սյունիքով ճանապարհ տալու հարցը
Շաբաթ օրը Գորիսում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի ժամանակ իշխող էլիտայի քննարկման թեմաներից մեկը եղել է նաեւ Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջեւան հնարավոր ավտոճանապարհ տրամադրելու հարցը։ Թեման, որը հանրային դաշտում հայտնի է «միջանցք» անունով, քննարկվել է դռնփակ ռեժիմով՝ առանց լրատվամիջոցների ներկայության։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը քաղաքական հավաքի ընթացքում նկատելիորեն լարված է եղել։ ՔՊ-ականներն արձանագրել են, որ վարչապետը չի ստացել այն արդյունքներն ու հավաստիացումները, որոնք ակնկալում էր Թուրքիա, Աբու Դաբի եւ եվրոպական ուղղություններով վերջին այցերի ընթացքում։ ՔՊ-ի ներսում շրջանառվում է տեսակետ, որ այս փուլում միջազգային դերակատարները չեն պատրաստվում ամբողջությամբ աջակցել Փաշինյանի ցանկությանը՝ ճանապարհային խնդիրը կարգավորելու իր նախընտրած ձեւաչափով։
Դռնփակ քննարկման ժամանակ, ըստ մեր աղբյուրների, վարչապետ Փաշինյանը միանշանակ հայտարարություն է արել՝ վստահեցնելով կուսակիցներին, որ Հայաստանը որեւէ տարբերակով ավտոճանապարհ, միջանցք կամ տարածք չի տրամադրելու, եթե այն դուրս է լինելու Հայաստանի իրավազորությունից։ Նա ընդգծել է՝ «նույնիսկ ամերիկյան կողմի վերահսկողության ներքո ավտոճանապարհ չենք տալու»։
Սակայն հետաքրքիր հակասություն է նկատվում այս հայտարարության եւ իշխանության նախկին հայտարարությունների միջեւ։ Հիշեցնենք, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ անցած տարի ասել էր՝ կոմունիկացիաների եւ ճանապարհների անվտանգությունը կարող է ապահովվել մասնավոր ընկերության միջոցով։ Այսօր Փաշինյանն իր դիրքորոշումը ձեւակերպում է կտրուկ ու բացառող ձեւով։
Իսկ արդյոք նման դիրքորոշումը կարող է Ադրբեջանին լեգիտիմ հիմք տալ՝ ուժով պահանջելու կամ վերցնելու այդ ճանապարհը՝ ՔՊ-ում հստակ պատասխան այս հարցին չունեն։ Իշխանության ներսում մտավախություն կա, որ հստակ ռազմավարության բացակայության պայմաններում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, իսկ խաղաղության համաձայնագիրը գուցե այդպես էլ չկնքվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ:
Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի
«Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ուսումնասիրել, թե պետական համակարգի պաշտոնյաներն ինչ կենսագրություն եւ ունեցվածք ունեն, հանգել է ուշագրավ մի փաստի։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանը մինչեւ Վարչապետի աշխատակազմ գալը, 2005-ից 2018 թվականներին, աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում որպես գլխավոր մասնագետ։ 2018-2022 թվականներին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Միջազգային կառույցների հետ համագործակցության բաժնի պետ եւ արարողակարգի պատասխանատու է եղել, ապա նշանակվել նույն կառույցում Միջազգային ծրագրերի իրականացման բաժնի պետ։
Ղազարյանը 2022 թվականի փետրվարի 11-ից նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու։ Արման Ղազարյանը անշարժ գույք չի հայտարարագրել։ 2021 թվականին գնել է Tesla մակնիշի մեքենա ամերիկյան Copart ավտոաճուրդից, որն արժեցել է 19 հազար 300 դոլար։ Հարկ է նշել, որ նույն 2021 թվականին Ղազարյանը 15 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է Դիլիջանում գտնվող հողամասը ինչպես նաեւ 2013 թվականին գնած Toyota մակնիշի մեքենան՝ 13 հազար ԱՄՆ դոլարով։ Արման Ղազարյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 23 հազար դոլար, 2 մլն դրամ եւ 3 հազար եվրո։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 7 մլն 863 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Վարչապետի աշխատակազմից։
Ուշագրավն այն է, որ Արման Ղազարյանը ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի որդին է:
Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պետականն ու սեփական միջոցները խառնել է իրար: Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Վերջին երեք օրերին կուսակցական գործունեության բերումով Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում էի. Գորիսում մասնակցեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովին, իսկ Ջերմուկ եւ Վայք քաղաքներում համապատասխանաբար գիշերակաց եւ կարճ դադար ունեցա»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռոմանոս Պետրոսյանը շաբաթ օրը` հուլիսի 12-ին, Գորիսում կայացած քաղաքական ժողովին ներկայացել է աշխատանքային ծառայողական մեքենայով: Այսինքն՝ պետական բարձրաստիճան պաշտոնյան օգտագործել է պետական բյուջեի գումարը՝ կուսակցության, քաղաքական նպատակների համար, ու սա այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, պայքարում էր «պադավատապետության» դեմ, բյուջեն «լափելու դեմ» պայքար էր սկսել: Բայց իր թիմակիցներին, փաստորեն, կարելի է բյուջեի հաշվին անձնական ու կուսակցական ծախսեր անել:
Սա պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահման դրսեւորում է, որի իրավական գնահատականը պետք է տա պետական միջոցների ծախսերի վերահսկողությամբ զբաղվող կառույցը, ինչը, բնականաբար, չի արվում























