Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քաղաքական վերջնագիր է անվանել Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի իշխանություններին ուղղված նամակը, որով նրանք կոչ էին անում օգոստոսի վերջին կատարել Բրյուսելի առաջարկությունները, մասնավորապես՝ չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքները և ԼԳԲՏ քարոզչության արգելքը, ինչպես նաև բանտից ազատ արձակել ընդդիմության մի շարք առաջնորդների։ Հակառակ դեպքում, օրակարգում կլինի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցը։
«Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին, և մենք պատրաստ ենք քննարկել բոլոր հարցերը: Ընտանեկան արժեքների և օտարերկրյա գործակալների պաշտպանության վերաբերյալ ընդունված օրենքները շատ կարևոր են Վրաստանի համար: Ինչ վերաբերում է բանտարկված ընդդիմադիրներին, նրանք կատարել են կոնկրետ հանցագործություններ: Հետևաբար, կան միայն դատարկ քաղաքական վերջնագրեր, ինչը շատ տխուր է», – հինգշաբթի լրագրողներին ասել է Կոբախիձեն:

























































































