Armenian text to speach

Այս օրը պատմության մեջ. Պոտսդամի կոնֆերանսի սկիզբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս օրը՝ 1945 թվականի հուլիսի 17-ին, Պոտսդամ քաղաքում (Բեռլին) մեկնարկեց Պոտսդամի (կամ Բեռլինի) կոնֆերանսը, որին մասնակցում էին հակահիտլերյան կոալիցիայի դաշնակից երկրների կառավարությունների ղեկավարները։ Կոնֆերանսը տեւեց մինչեւ օգոստոսի 2-ը եւ ամրագրեց դաշնակիցների հաղթանակը ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ՝ քննարկելով նաեւ Եվրոպայի հետպատերազմյան կարգավորման հիմնախնդիրները։

Խորհրդային պատվիրակությունը գլխավորում էր Իոսիֆ Ստալինը, ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահ Հարրի Թրումենը (Ֆրանկլին Ռուզվելտի մահից հետո), իսկ բրիտանական պատվիրակությունը՝ վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ում հուլիսի 28-ից փոխարինեց լեյբորիստ Կլեմենտ Էտլին։ Կոնֆերանսին մասնակցում էին նաեւ մեծ տերությունների արտաքին գործերի նախարարները եւ ռազմական ներկայացուցիչները։

Պոտսդամի կոնֆերանսի անցկացման վայրը ընտրվել էր առանց լուրջ վեճերի։ Քանի որ Բեռլինը մեծապես ավերված էր, ընտրվեց մոտակա Պոտսդամ քաղաքը, որտեղ լավ պահպանված էր Ցեցիլիենհոֆ պալատը։ Պոտսդամի ընտրությունը նաեւ խորհրդանշական էր, քանի որ հենց այստեղ 1933 թվականին Գինդենբուրգը հաստատել էր Հիտլերի նշանակումը Գերմանիայի կանցլեր։

Կոնֆերանսի հիմնական հարցերը վերաբերում էին Եվրոպայի կարգավորմանը, հատկապես՝ գերմանական հարցին։ Հիմք ընդունելով 1945 թվականի Յալթայի կոնֆերանսի որոշումները՝ կողմերը մշակեցին համաձայնագիր՝ Գերմանիայի նկատմամբ վերահսկողության սկզբնական շրջանում կիրառվելիք քաղաքական եւ տնտեսական սկզբունքների մասին։ Որոշվեց, որ Գերմանիայի նկատմամբ գերագույն իշխանությունը կիրականացնեն օկուպացիոն զորքերի գլխավոր հրամանատարները՝ յուրաքանչյուրը իր գոտում, իսկ ընդհանուր հարցերը կլուծվեն համատեղ՝ Կոնտրոլային խորհրդի միջոցով։ Գերմանիայի օկուպացիայի նպատակներն էին՝ ապառազմականացումը, դենացիֆիկացումը, դեմոկրատացումը եւ դեկարտելացումը։

Կոնֆերանսը որոշեց Գերմանիայի ամբողջական զինաթափում, զինված ուժերի եւ նրանց բոլոր կառույցների լուծարում, ռազմական արդյունաբերության վերացում կամ վերահսկողություն, ինչպես նաեւ զենքի եւ զինամթերքի ոչնչացում կամ հանձնում դաշնակիցներին։

Որոշվեց լուծարել նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը, չեղարկել նացիստական օրենքները, դատի տալ ռազմական հանցագործներին եւ ակտիվ նացիստներին հեռացնել պետական եւ մասնավոր պատասխանատու պաշտոններից։ Գլխավոր ռազմական հանցագործների դատավարության համար ստեղծվեց Միջազգային ռազմական տրիբունալ։ Գերմանիայի դեմոկրատական զարգացման համար նախատեսվում էր կրթության, արդարադատության եւ տեղական ինքնակառավարման համակարգերի վերակազմավորում, ինչպես նաեւ ժողովրդավարական կուսակցությունների գործունեության թույլատրում եւ աջակցություն։

Կոնֆերանսը որոշեց Կենիգսբերգ քաղաքը (ներկայում՝ Կալինինգրադ) եւ հարակից շրջանը փոխանցել ԽՍՀՄ-ին։ Լեհաստանի արեւմտյան սահմանը որոշվեց Օդեր եւ Արեւմտյան Նեյսե գետերով, Լեհաստանին անցան նաեւ Արեւելյան Պրուսիայի մի մասը եւ նախկին Դանցիգ քաղաքը (ներկայում՝ Գդանսկ)։ Որոշվեց նաեւ գերմանացիների արտաքսումը Լեհաստանից, Հունգարիայից եւ Չեխոսլովակիայից։

Կոնֆերանսը ստեղծեց արտաքին գործերի նախարարների խորհուրդ (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան), որը պետք է պատրաստեր խաղաղության պայմանագրեր Գերմանիայի նախկին դաշնակիցների (Իտալիա, Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա, Ֆինլանդիա) հետ, իսկ միասնական գերմանական կառավարության ստեղծումից հետո՝ նաեւ Գերմանիայի հետ։

Պոտսդամում գտնվելու ընթացքում Թրումենը տեղեկացավ ԱՄՆ-ում ատոմային ռումբի հաջող փորձարկման մասին եւ այդ մասին տեղեկացրեց Չերչիլին, ապա՝ Ստալինին։ Չերչիլը ուրախացավ, քանի որ նոր զենքը փոխում էր ուժերի հավասարակշռությունը Արեւմուտքի օգտին, իսկ Ստալինը հանգիստ արձագանքեց, ինչը զարմացրեց արեւմտյան առաջնորդներին։ Սակայն, ըստ հետագայում բացահայտված խորհրդային արխիվների, ԽՍՀՄ ղեկավարությունը տեղյակ էր ամերիկյան ատոմային ծրագրի մասին։

Պատմաբանների կարծիքով, Պոտսդամի կոնֆերանսը եզրափակեց Երկրորդ համաշխարհային պատերազմի վեց տարիները եւ սահմանեց պատմական սահմանագիծ պատերազմի եւ խաղաղության միջեւ։ Միաժամանակ, այն արտացոլեց աշխարհում ստեղծված նոր իրավիճակը՝ հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակից հետո։ Ընդհանուր առմամբ, Պոտսդամի կոնֆերանսի մասնակիցներին հաջողվեց ժամանակավորապես մեղմել առաջացած տարաձայնությունները եւ կանխել բացահայտ ճեղքումը դաշնակիցների միջեւ։

Անի Վարդանյան




Լրահոս