«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի շուրջ սեղմված օղակը հասել է այն կետին, որ առաջիկա օրերին նրա սկեսրոջը կհրավիրեն Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության:
Հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի նախկին քաղաքապետին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:
Իսկ ինչ է կատարվել նախաքննական մարմնում: Նախ, Հակակոռուպցիոն կոմիտեում Դիանա Գասպարյանին պահել են մոտ 1 ժամ: Նա հրաժարվել է նախաքննական մարմնի հարցերին պատասխանելուց եւ ասել է, թե հրաժարվում է ցուցմունք տալ:
Նախաքննական մարմինը, նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելուց բացի, խափանման միջոց է ընտրել նաեւ երկրից բացակայելու արգելքը:
Մինչ հարցաքննությունը՝ մայիսի 15-ին, Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնեց, որ հրաժարական է տալիս։ Կուսակիցները նրա հրաժարականի պատճառների մասին մինչեւ օրս չեն խոսում՝ նշելով, որ Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն:
37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում աղմկահարույց տարբեր պատմություններում էին հայտնվել, հընթացս հարստացել, որոշեց հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետեւ նվիրել ընտանիքին:
Եվ մինչ քաղաքապետ Գասպարյանը հրաժարականի պատճառների մասին էր խոսում, Հակակոռուպցիոն կոմիտեն գործի անցավ:
Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ տեղեկությունը եւ հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջին 7-8 օրերի ընթացքում ակտիվ զբաղված է նոր Կաթողիկոսի փնտրտուքով: Մեր աղբյուրները նշում են, որ դա է պատճառը, որ Փաշինյանը կոնկրետ քայլերի չի գնում` առաջնորդելու Կաթողիկոսարանի երթը, որտեղից, ինչպես ինքն է հայտարարել, հեռացնելու է Վահափառին:
Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ արդեն կան հոգեւորականներ, որոնք «կապի մեջ են» Փաշինյանի թիմի հետ, ու վստահեցրել են վարչապետին, որ Կաթողիկոսը ելք չունի ու շուտով հրաժարական կտա, կհեռանա, եւ իշխանությունները հավուր պատշաճի կկազմակերպեն նոր Կաթողիկոսի ընտրությունները: Մենք տեղեկացանք, որ այս պահին Փաշինյանի «սրտի» թեկնածուն ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանն է, որը այս ժամանակահատվածում որեւէ դիրքորոշում չի արտահայտել. ո՛չ քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը եւ ո՛չ էլ պաշտպանել Վեհափառին: Փաշինյանին ներքին աղբյուրներով հայտնել են, թե Հայաստանից դուրս հոգեւորականները այն դիրքորոշումն ունեն, որ Վեհափառը իսկապես կուսակրոնության ուխտը խախտել է, տարբեր հարցերում քաղաքական դիրքորոշումներ հայտնել, հոգեւորականներին թույլ է տվել խառնվել քաղաքականությանը. արդյունքում եկեղեցին չի պահպանել ապաքաղաքական կառույցի իր դերը, ինչի պատճառով էլ Կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից:
Մենք տեղեկացանք, որ դեռեւս ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանին իշխանությունները առաջարկ չեն ներկայացրել, բայց իշխանական վերնախավը այն կարծիքին է, որ Տեր Հովնանն այս պահին միակ մարդն է, որ կարող է իշխանություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորել, եկեղեցականներին միավորել, այն ապաքաղաքական կառույց դարձնել:
Առաջիկա զարգացումների մասին իշխանությունները պլան են մշակում:
Հուլիսի 8-ին, երբ իշխանական պատգամավորներն իրենց գործիքը դարձրին բռունցքը, իսկ խոսքի իրավունքը՝ թշնամի, հարձակվեցին ընդդիմադիրների վրա, բռնություն գործադրեցին հենց նիստերի դահլիճում, հայհոյեցին ու ծեծեցին, այդ ֆոնին մի մարդ, որը մի ամբողջ երկրի անունից պատասխանատու է արդարության համար, անշարժ կանգնած էր. նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, որը տեսավ ամեն ինչ, բայց լռեց։ Եվ մինչ օրս լռում է։ Նա չի ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, նույնիսկ աչքի տեսածի հիման վրա չի հարուցել քրեական վարույթ։ Գործող օրենքների համաձայն, եթե բարձրաստիճան պաշտոնյան տեղում է հանցանքի պահին եւ չի արձագանքում, նրա լռությունը դառնում է հանցագործության համախոհություն։ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն հուլիսի 9-ին պաշտոնապես հաղորդում էր ներկայացրել նույն գլխավոր դատախազին՝ պահանջելով քննել հանցագործության փաստը։ Մեր ներկայացրած հաղորդման մեջ հստակ անուններով նշվել են իշխանական այն պատգամավորները, որոնք մասնակցում էին ֆիզիկական եւ բարոյական բռնության դրսեւորմանը։ Երեկ ստացանք պատասխանը։ Ըստ դատախազության՝ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ներկայացված հաղորդումը ուղարկվել է Երեւանի քաղաքային դատախազություն՝ ուսումնասիրության։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական է լինելու բռնարարներին պատժելու գործի ընթացքին:
Իշխանական ՔՊ-ի պատգամավորները օրը սկսում են «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցանությամբ` պարտադիր պայմանով, որ պետք է իրենց սոցհարթակներում վիրավորական արտահայտություններով թիրախավորեն լրատվամիջոցին: Երեկ էլ բացառություն չէր. «առավոտյան մարմնամարզությունն» արվել է որոշ ՔՊ-ականների կողմից, ընդհուպ «Մահվան նախարարի, որը եթեր մտավ, իր «վարժություններն» արեց: Այս թեմայի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել մի հարց, որպեսզի մեր ընթերցողների համար տարընկալում չլինի: Սյունիքով ավտոճանապարհ տրամադրելու թեման իսկապես քաղաքական ժողովի օրակարգային հարց չի եղել. այդ փակ ժողովի օրակարգին ու մանրամասներին անդրադարձել էինք երեկ: ՔՊ-ական մեր աղբյուրների հետ երեկ եւս խոսեցինք, նրանք շարունակում են պնդել, որ Գորիսում մինչ ժողովի մեկնարկը` նախորդ օրը, առավել նեղ խմբով Նիկոլ Փաշինյանը կարճ քննարկել է Սյունիքի միջանցքի հարցը` ասելով, որ չի տալու ավտոճանապարհ, որը կլինի ՀՀ-ի վերահսկողությունից եւ իրավազորությունից դուրս: Պնդում ենք, որ Փաշինյանն իր թիմակիցներին ասել է դա, խոստովանել է նաեւ այն, որ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր պատկերացումներն ու պլանները չեն իրականանում, քանի որ Ադրբեջանը չի համաձայնում առաջարկվող պայմաններին: Այնպես որ, առաջարկում ենք ՔՊ-ական ստատուսագիրներին շարունակել նույն ակտիվությամբ ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթ, սակայն թիրախավորելուց առաջ հիշե՛ք, որ մեր հրապարակումները միշտ ճիշտ են, եւ հիմար վիճակում դուք եք հայտնվում արդեն շուրջ 8 տարի:























