ArmLur.am-ը զրուցել է ՀՀԿ անդամ, ԱԺ նախագահի նախկին տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարզելու նրա գնահատականը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 16-ի ասուլիսի ընթացքում արված հայտարարության վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Վեհարանը ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից»։
-Պարո՛ն Շարմազանով, Ձեր կարծիքով՝ ի՞նչ մեթոդներով է վարչապետ Փաշինյանը պատկերացնում իր այս խոստման իրագործումը։
-2018-ին տեղի է ունեցել ժողովրդի մանիպուլյացիա` արտաքին կենտրոնների կողմից տարիներ շարունակ հստակ կազմակերպված գունավոր հեղափոխություն, իշխանությունների դեմոլիզացիա. մի սխալը սարքել են հազար ու նույնն էլ կանեն եկեղեցու հետ։ Ժողովրդին մանիպուլացրել են, եւ տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն։
Բոտտոնը չի, որ ասել է՝ Հայաստանը պետք է հրաժարվի ազգային, պատմական գաղափարներից։
Իսկ նրանք հերթականորեն հրաժարվում են. առաջին հերթին իշխանությունն էր, երկրորդը Արցախն էր, երրորդը գեներալներն էին, չորրորդը նախկին ղեկավարներն էին, հինգերորդը ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն էր, վեցերորդը ռուսական դաշինքն էր, եւ վերջապես հասան եկեղեցուն: Ժողովրդին մանիպուլացնում են՝ իշխանության ռեսուրսները օգտագործելով։
Ես զարմանում եմ, երբ ասում են՝ «Սահմանադրությամբ իրավունք չունի»…. Մինչեւ հիմա ի՞նչն էր Սահմանադրությամբ անում։ Սահմանադրությամբ իրավունք ունի՞, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, Սահմանադրությամբ իրավունք ունի՞ ասելու՝ «Արարատ սարի հետ մենք ինչ կապ ունենք», Սահմանադրությամբ իրավունք ունի՞ ասելու «Արեւմտյան Հայաստանը Թալինն է, Մարալիկն է», Սահմանադրությամբ իրավունք ունե՞ր ընդդիմադիր պատգամավորների վրա «գործ սարքելու», որ ազատազրկեր նրանց, Սահմանադրությամբ իրավունք ունե՞ր Աշոտյան Արմենին բռնելու, այդ ի՞նչն է Սահմանադրությամբ արել, որ հիմա էլ ասում եք՝ Սահմանադրությամբ եկեղեցին պետությունից անջատ է։
Նիկոլի ժամանակ օրենք չի գործում: Նիկոլը հասկանում է մեկ ձեւ՝ ուժ։ Կլինի Ամերիկայի ուժը, Ռուսաստանի ուժը Թուրքիայի, Ադրբեջանի…. Դուք չե՞ք հասկանում՝ նա ում հետ է լավ հարաբերություններ ձեւավորում. նրա հետ, ով իրեն հաղթում է: Ամենալավը հիմա ո՞ւմ հետ է՝ Էրդողանի եւ Ալիեւի, ինչո՞ւ, որովհետեւ պարտվել է նրանց։
Հիմա ժողովուրդը պետք է որոշի՝ կանգնում է եկեղեցու եւ իր սրբությունների՞ կողքին, թե՞ Նիկոլ Փաշինյանի։
Փաշինյանի ասածը դասական աղանդավորություն է։ Վեհափառ հայրապետը Աստծո օրհնյալ է, ո՞վ կարող է նրան հեռացնել: Ես համոզված եմ՝ կաթողիկոսը հրաժարական չի տալու եւ շատ ճիշտ է վարվելու։
-Պարո՛ն Շարմազանով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ինքն առաջնորդելու է ժողովրդին դեպի Վեհարան։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է դա հնարավոր, եւ ի՞նչ ճանապարհով է նա պատկերացնում այդ գործընթացը։
-Հիմա, որ կրթում են ամբողջ ազգին, ինպե՞ս են անում, ընտրություններին որ գնում է հաղթում, ինչպե՞ս է անում…. Ամեն ինչ ժողովրդից է կախված։
Նիկոլ Փաշինյանի խնդիրը չէ, թե եկեղեցում ով է Վեհափառը, ով` ոչ, Նիկոլ Փաշինյանի խնդիրն է ապահովել Արցախի անվտանգությունը: Նա չէ՞ր, որ ասում էր՝ «ազատում հանուն փրկության», նա չէ՞ր, որ ասում էր՝ «Շուշիի դեօկուպացիա»։
Եթե մի մարդ 2020 թվականին 5000 երեխայի զոհվելու մեղավորն է, Արցախը հանձնողն է, դրանից հետո նորի՞ց պետք է ընտրվի։
-Պարո՛ն Շարմազանով, եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովրդին տանելու է Վեհարան, ապա ինչո՞ւ Դուք եւ մյուս ընդդիմադիրները չեք համախմբվում ու հակազդում նրան՝ չթողնելու համար այդ մուտքը։
-Առաջնորդարանի մասին հայտարարությունը հետեւանքն է նրա, ինչը սկսվեց 2018 թվականից, հետեւանքն է նաեւ 2021 թվականին Նիկոլ ընտրելու:
Նիկոլ Փաշինյանը կառուցում է «նոր էրմենիստան»` նոր վիլայեթ, որտեղ չկա ազգային հիշողություն: Կառուցում է նոր տիպի պրոթուրքական պետություն, որտեղ եկեղեցին իրեն խանգարում է։
Եկեղեցու պաշտպանությունը մեր կարմիր գիծն է:
Իմ կոչն է` յուրաքանչյուր հայ մարդ ինքը իրեն հաշիվ տա, մտածի ոչ միայն օրվա շահով, օրվա 30 արծաթով, այլ կանգնի Վեհափառ հայրապետի` Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին:
Վեհափառ հայրապետը ոչ միայն Հայաստանի հայերի, այլեւ աշխարհասփյուռ հայերի՝ 10 միլիոն հայության Վեհափառն է, եւ Նիկոլ Փաշինյանը օդ էլ բարձրանա, իջնի ներքեւ, չի կարող կաթողիկոս հեռացնել, բայց կարող է գրավել, ինչպես որ 2018 թվականին գրավեց իշխանությունը:
Զրուցեց ԱՆԱՀԻՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ



















































































