Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հայտնում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի հետ իր բանակցությունների բովանդակության մասին, մինչդեռ պարտավոր է իր ընտրողներին տեղեկացնել, թե ինչի շուրջ է պայմանավորվում։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Ահա հանդիպեց Ալիեւի հետ, մինչ այդ՝ Էրդողանի հետ։ Չկա հստակ պատկերացում, թե ինչու է հանդիպել, ինչի շուրջ է պայմանավորվել, ինչ է ստորագրել։ Իսկ հետո մեզ համար անակնկալ եղավ, երբ Արցախը հանձնվեց… Այսպես չի կարելի, սա ընդհանրապես նորմալ չէ։ Նա պետք է ասի՝ «հանդիպել եմ, բանակցություններ եմ վարել այս կամ այն հարցերի շուրջ, կան տեղեկություններ, որոնց մասին չեմ կարող խոսել», – նշել է Աբրահամյանը։
Նրա տեղեկություններով՝ պետությունների ղեկավարները մասնավորապես քննարկում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը պետք է կապի Նախիջեւանը Ադրբեջանի մնացած հատվածի հետ։
Նա նաեւ դժգոհել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ Փաշինյանը «գլուխը կախ էր քայլում»։
Հիշեցնենք, որ Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Բանակցություններից հետո Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր հարցեր։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր առաջին աշխատանքային այցը Ստամբուլ կատարել է հունիսի 20-ին։ Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծել կառուցողական երկխոսությանը շարունակելու կարեւորությունը։ Զրուցակիցները նաեւ անդրադարձել են տարածաշրջանային զարգացմանն ու երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ



















































































