Տարիներ շարունակ «Հարի Փոթեր» ֆիլմաշարը ապրեց միլիոնավոր մարդկանց սրտերում՝ մանկության ու պատանեկության հիշողությունների, հույզերի անսահման տեղատարափ ապահովելով։
2025 թվականի հուլիսը նշանավորվեց երկար սպասված նորությամբ՝ Warner Bros. եւ HBO հեռուստաընկերությունները պաշտոնապես մեկնարկեցին նոր «Հարի Փոթեր» սերիալի նկարահանումները։ Գեղարվեստական ու կոմերցիոն մեծ հաջողություն գրանցած ֆիլմաշարից գրեթե երկու տասնամյակ անց էկրանին վերադառնում է մոգության աշխարհը՝ այս անգամ գրքերին հավատարիմ ադապտացիայի տեսքով։
Սերիալը նկարահանվում է Մեծ Բրիտանիայի Լիվսդեն ստուդիայում, որտեղ ստեղծվել էին նաեւ նախորդ ֆիլմերը։ HBO-ն հայտնել է, որ սերիալը կազմված կլինի յոթ սեզոնից՝ յուրաքանչյուր սեզոնը մեկ գրքի հիման վրա։ Նախնական տվյալներով, առաջին եթերաշրջանը հեռուստադիտողները կտեսնեն 2027 թվականին։
Սերիալի գլխավոր դերում՝ Հարի Փոթերի կերպարում, հանդես է գալիս 11-ամյա Դոմինիկ Մաքլավլինը, ով ընտրվել է ավելի քան 30 հազար երեխաների մասնակցությամբ լսումներից հետո։ Հերմայոնիի դերը վստահվել է Արաբելա Սթենթոնին, իսկ Ռոնի կերպարում կներկայանա Ալաստեր Սթոութը։ Նոր սերնդի դերասանների կողքին հանդես կգան նաեւ ճանաչված անուններ՝ Նիկոլ Ֆրոսթը կխաղա Հագրիդին, Ջոն Լիթգոուն՝ Դամբլդորին, Փափա Էսսիեդուն՝ Սեւերուս Սնեյփին։ Նկարահանումներն արդեն ընթանում են, եւ առաջին պաշտոնական լուսանկարը՝ Դոմինիկը՝ Գրիֆինդորի հանդերձանքով ու ակնոցով, արդեն հասանելի է լայն հանրությանը։
Սցենարային աշխատանքներն իրականացնում է Ֆրանսեսկա Գարդիները, ռեժիսորը Մարկ Մայլոդն է, իսկ գործադիր պրոդյուսերների թվում է նաեւ հեղինակը՝ Ջոան Ռոուլինգը։ Վերջինս նշել է, որ առաջին սցենարները բավականին լավն են։
Սերիալը ներկայացվում է` առավել հավատարիմ գրքերին, քան ֆիլմաշարը. ուստի սպասվում է, որ պատմական մանրամասներն ու կերպարների զարգացումները կլինեն ավելի հարուստ ու համակողմանի։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Հոգվորթսի աշխարհի սոցիալական, քաղաքական եւ էթիկական շերտերին։
Ակնկալվում է, որ սերիալի բյուջեն կգերազանցի $200 միլիոնը՝ յուրաքանչյուր սեզոնի համար։ Այդ ծավալով եւ HBO-ի որակով հեռուստատեսային արտադրությունը խոստանում է գեղարվեստական եւ տեխնիկական բարձր մակարդակ։
Նշենք սակայն, որ առցանց քննարկումները հակասական են. դերասանական կազմի որոշումները քննադատվել են պահպանողական երկրպագուների կողմից, բայց դիտողների զգալի հատվածն ընդունել է, որ հատկապես գլխավոր դերակատարները հաջող են ընտրված. պատանի դերասաններն արդեն իսկ ունեն բնականության պոտենցիալ եւ արտաքնապես հավատարիմ են բնօրինակ կերպարներին։ Թեեւ համեմատությունները նախորդ ֆիլմաշարի հետ անխուսափելի են, նոր սերիալը, ամենայն հավանականությամբ, չի փորձի կրկնել այդ փորձառությունը, այլ կընթանա գրքի` սկզբնաղբյուրին առավել մոտ ճանապարհով։ Գուցե այն չկրկնի ֆիլմաշարի պատմական արձագանքը, սակայն կարող է ստեղծել նոր, ինքնատիպ հետք՝ մոգության աշխարհի հաջորդ սերնդի համար։ Եթե սերիալին հաջողվի պահպանել հավասարակշռություն գրքային հստակության, հեռուստատեսային ռիթմի եւ գեղարվեստական հուզականության միջեւ, ապա այն կարող է դառնալ ոչ միայն վերադառնալու հնարավորություն Հոգվորթս, այլեւ նոր դուռ՝ Ռոուլինգի մոգության պատմությունը լիարժեք տեսնելու համար։ Ով գիտի, գուցե շուտով սերիալում հանդիպենք նաեւ հայտնի հայ կախարդի կերպարին կամ նրա վերաբերյալ զրույցներին, որոնք առկա են գրքում, սակայն համանուն ֆիլմաշարում կերպարին անդրադարձ չկար:
Հավելենք՝ HBO-ն հաստատել է, որ սերիալը կցուցադրվի Max հարթակում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ հետագայում՝ այլ երկրներում։ Իսկ մինչ այդ երկրպագուներն ամենայն ուշադրությամբ հետեւում են յուրաքանչյուր մանրուքի՝ լուսանկարների, հայտարարությունների եւ տեսանյութերի, որոնք նշանավորում են Հարի Փոթերի նոր՝ հեռուստատեսային պատմությունը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


















































































