Լուսանկարը՝ համացանցից
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում արտասովոր դեպք է գրանցվել. Սուրեն Մնացականյան 1/5 հասցեում գործող թիվ 6 մանկապարտեզ է «հյուրընկալվել» աղվես։ Դեպքը զարմացրել է թե՛ ծնողներին, թե՛ դաստիարակներին. համաձայնեք՝ քաղաքի սրտում վայրի կենդանու հայտնվելը տարօրինակ է։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետում է կատարվում անվան փոխման պետական գրանցումը եւ ինչպիսի իրավական հետեւանքներ է առաջացնում:
Լուսինե Հարությունյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անվան փոխման պետական գրանցումը կատարվում է տասնհինգօրյա ժամկետում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Անվան փոխման պետական գրանցումը հիմք է անունը փոխած անձի նկատմամբ նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում օրենքով սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անվան փոխումը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցում է ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը, իսկ օտարերկրյա պետության տարածքում կարող է գրանցել դիվանագիտական ծառայության մարմինը անվան փոխման մասին ակտային գրանցում կատարելու միջոցով:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որ դիմորդները կարող են օգտվել արտոնություններից:
Նարե Վասիլյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կարող են օգտվել՝
1) քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են՝
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,
բ. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:
2) Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
ա. 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաները,
բ. առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաները:
3) Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`
ա. անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս` ըստ մասնագիտությունների՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին,
բ. եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն՝ բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
4) Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, որոնք ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչեւ երկու անվճար եւ մինչեւ ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները։























