ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիան և Իրանը, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ջանքերը: Նրանք նաև քննարկել են Իրանի հետ դիվանագիտական միջոցառումների իրականացումը և ԱՄՆ-Սաուդյան Արաբիա համագործակցությունը՝ Կարմիր ծովը անվտանգ դարձնելու և Սուդանում մարտական գործողությունները դադարեցնելու համար», – ասվում է փաստաթղթում:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ շարունակական համագործակցությունը։























