Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մոտ մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի մասին X-ում գրառում է կատարել նախագահ Մակրոնը։
«Այժմ ավելի, քան երբևէ, մենք պետք է հիշենք, որ Եվրոպայի անվտանգությունը, ազատությունը և ապագան սերտորեն կապված են Ուկրաինայի ճակատագրի հետ։ Ահա թե ինչու մեր գործընկերների հետ միասին մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին», – նշել է Մակրոնը։
Նա հավելել է, որ վերահաստատել է այս վճռականությունը «կամեցողների կոալիցիայի» հանդիպման ժամանակ, որին մասնակցել են 30 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև Միացյալ Նահանգների ներկայացուցիչներ։
«Միասին մենք մեծացնում ենք Ռուսաստանի վրա ճնշումը՝ անվերապահ հրադադարի և արդար ու երկարատև խաղաղության բանակցություններ սկսելու համար։ Այս առումով ես ողջունում եմ այսօր առավոտյան Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ աննախադեպ նոր պատժամիջոցների փաթեթի ընդունումը», – հավելել է Մակրոնը գրառման մեջ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































































