«Տիգրան Սարգսյանը ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման բանակցությունների մեծ ջատագովն է եղել». «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը զրուցել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հետ։ Հատված հարցազրույցից.

Տիկին դեսպան, վստահ եմ` հետեւում եք հայաստանյան վերջին իրադարձություններին. նկատի ունեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը եւ Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Տ. Սարգսյանի հրաժարականը, ում հետ սերտորեն համագործակցել եք իր պաշտոնավարման ժամանակ: Համաձայն որոշ տեղական փորձագետների` Տ. Սարգսյանը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից, քանի որ ընդգծված դիրքորոշում է ունեցել ԵՄ ասոցացման հարցում:

Մեր տեսակետից, Արեւմուտքի տեսակետից, բավական երկար ժամանակ է վեց տարի լինել վարչապետի պաշտոնում: Ենթադրում եմ, որ մի շարք` թե՛ քաղաքական, թե՛ անձնական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք թելադրեցին, որ եկել է առաջ շարժվելու ժամանակը: Իհարկե, վարչապետ Սարգսյանը ԵՄ հետ Հայաստանի ասոցացման բանակցությունների մեծ ջատագովն է եղել:

Չնայած սեպտեմբերի 3-ին որոշվեց դադարեցնել այդ բանակցությունները, եւ այժմ նա Մաքսային միության ջատագովն էր:

Մեզ համար դժվար է հասկանալ այդ որոշման փոփոխությունը: Գիտեմ, որ ԵՄ մեր գործընկերները գնահատում էին նրա մոտեցումը ԵՄ հետ Հայաստանի բանակցություններում եւ իրեն համարում կառուցողական գործիչ: Ես նրան ցանկանում եմ հաջողություն իր հետագա գործունեության մեջ, որտեղ էլ որ նա շարունակի իր աշխատանքը:

Ըստ Ձեզ` որո՞նք պետք է լինեն նորանշանակ վարչապետի գործունեության առաջնահերթությունները:

Կարծում եմ, որ նախագահ Սարգսյանն ինքը շեշտել է, որ դրանք տնտեսական խնդիրներն են: Պետք է ապահովել տնտեսական աճ: Կան տեխնիկական հարցեր` կապված Մաքսային միության անդամակցության հետ, Սահմանադրական դատարանի որոշման հետ` կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված: Վարչապետի հրաժարականից հետո նախագահ Սարգսյանի դիտարկումներում ինձ ուրախացրեց թարմ տեսլականի կարեւորությունը եւ մի կառավարության ձեւավորումը, որին կվստահի ժողովուրդը: Կարծում եմ` դա շատ կարեւոր ուղերձ էր, եւ հույս ունեմ, որ նոր վարչապետի եւ նախարարների նոր կաբինետի համար, որը նա կձեւավորի, սա եւս կլինի առաջնային խնդիր»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս