ՕԵԿ-ը գնում է զբաղեցնելու ԲՀԿ-ի տեղը. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Այսպիսով, «Օրինաց Երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) հայտարարեց, որ «խնդրահարույց» է համարում կառավարությանն անդամակցությունը, և համարյա դուրս եկավ կոալիցիայից։ Համարյա, որովհետև այսօր ապրիլի 17-ն է, իսկ ՕԵԿ-ը՝ ի դեմս իր նախագահ Արթուր Բաղդասարյանի, իր վերջնական խոսքը կասի ապրիլի 25-ին, ու պետք չէ բացառել, որ փոշմանի։ Դրա նախադրյալները ստեղծվել են, երեկվա քաղխորհրդի որոշումը պետք է իբրև թե քննարկվի տարածքային կառույցներում, որոնք պետք է հաստատեն կամ մերժեն այն։ Այսինքն՝ եթե մէկ շաբաթվա ընթացքում ինչ-որ բան փոխվի. տարածքային կառույցները «կմերժեն» այդ որոշումը։ Եթե՝ ոչ, կյանքը կդառնա ավելի հետաքրքիր։ Այսպիսով, եթե հանկարծ ՕԵԿ-ը դառնա ընդդիմություն, ապա դա կուրվագծի Սերժ Սարգսյանի պլանները՝ կապված 2017-18 թվականի ընտրությունների հետ։ Աժ ընտրություններում ՕԵԿ-ը կլինի իշխանության «ընդդիմությունը», ինչպես որ էր մինչև 2008 թվականը, իսկ նախագահի ընտրություններում՝ Արթուր Բաղդասարյանը կարող է դառնալ Սերժ Սարգսյանի ընդդիմադիր թեկնածուն։

Այսպիսով, ՕԵԿ-ը գնում է զբաղեցնելու ԲՀԿ-ի տեղը, սակայն՝ ավելի «արժանապատիվ պայմաններով»։ Ինչպես ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը ևս նախագահի մասին որևէ քննադատական խոսք չի ասելու, սակայն անողոք քննադատելու է կառավարությանը՝ առանց ներկայացված լինելու ԱԽ-ում։ Իսկ որ կառավարությանը քննադատելու է ավելի հուժկու, քան էր՝ ԲՀԿ-ն՝ Տիգրան Սարգսյանի հանդեպ, երևաց արդեն երեկվա հայտարարություններից։ Մասնավորապես, ՕԵԿ-ականները հայտարարեցին, որ վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցներ կիրթ, գրագետ, բանիմաց գործիչը, որպիսին է, նրանց կարծիքով, Արթուր Բաղդասարյանը։
Մի խոսքով, ՕԵԿ-ը դառնում է ԲՀԿ-2, առաջիկայում կպարզվի, թե ինչ է դառնում ԲՀԿ-ն։ Տարբերակներն այնքան էլ շատ չեն. կա՜մ ԲՀԿ-ն պետք է զբաղեցնի ՕԵԿ-ի տեղը՝ կոալիցիայի անդամի կամ որևէ այլ անվան տակ, կա՜մ պետք է Հովիկ Աբրահամյանին քննադատի ՕԵԿ-ից ավելի սուր ու ավելի անձնվիրաբար։ Հայոց լեզուն ճկուն է և բարբարոս՝ հարուստ վերը նշված բառերի հականիշների հոմանիշներով։ Կգտնվի՞ այդքան բարբարոս Գագիկ Ծառուկյանը Հովիկ Աբրահամյանի հանդեպ, ցույց կտա ժամանակը։ Ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ կառավարության անդամներ նշանակելու վերաբերյալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս