Վերջերս շրջանառության մեջ դրված «Գաղտնազերծման մասին» օրինագծի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը մեկնաբանություններ է տվել «Արմենպրես»-ին:
«Կարծիք է ստեղծվում, որ նման նախաձեռնությամբ հանդես եկողները խորությամբ չեն ընկալում ՀՀ անվտանգության մարմինների դերն ու նշանակությունը, պատկերացում չունեն, թե նման նախաձեռնությունն ինչ հետեւանքներ կարող է ունենալ անվտանգության համակարգի եւ հետեւապես` պետության համար»,- ասել է ԱԱԾ ղեկավարը: Ըստ նրա՝ մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում հետխորհրդային մի քանի հանրապետություններ, նմանատիպ քայլեր են ձեռնարկել այս ուղղությամբ, սակայն այն չի արժանացել հասարակության լայն խավերի հավանությանը եւ ժամանակին կասեցվել է:
Գորիկ Հակոբյանը նշել է, որ ոչ մի հատուկ ծառայություն չի գործում եւ չի կարող գործել առանց գործակալական ցանցի: ԱԱԾ ղեկավարը բացատրել է, թե ովքեր են գործակալները եւ ինչ արժանիքներ ունեն «Նրանց ճնշող մեծամասնությունը ե՛ւ խորհրդային ժամանակաշրջանում, ե՛ւ այժմ պարկեշտ, հայրենասեր, մարդկային լավագույն հատկանիշներով օժտված անձնավորություններ են»:
«Վերջին տարիներին ՀՀ տարածքում արտասահմանյան լրտեսների բացահայտման հիմնական վաստակն անվտանգության ծառայության հետ համագործակցող անձնավորություններինն է, որոնց մասին կոնկրետ տեղեկությունները, համաձայն ՀՀ օրենքի, հանդիսանում են պետական գաղտնիք: Կարծում եմ, որ «Գաղտնազերծման մասին» օրենքը ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում չի ընդունվի: Անկախ բոլոր քաղաքական ելեւէջներից՝ մեր հայրենակիցները ամեն ինչից վեր կդասեն հայրենիքի անվտանգությունը»,- ամփոփել է ԱԱԾ ղեկավարը:
ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ