Ռուսաստանը կսպասի պաշտոնական դատական որոշումների այն դեպքում, եթե Ադրբեջանը Ակտաուի մոտ տեղի ունեցած ինքնաթիռի կործանման գործով հայց ներկայացնի Ռուսաստանի Դաշնության դեմ միջազգային դատական ատյաններ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն Ակտաուի մոտ AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ պատրաստում է փաստաթղթեր՝ դրանք միջազգային դատական ատյաններ ներկայացնելու համար։
«Տարվում են քննչական գործողություններ, ընթանում է քննություն։ Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի, դա Ադրբեջանի իրավունքն է, մենք կսպասենք պաշտոնական դատական որոշումների», – նշել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Azerbaijan Airlines-ի Embraer 190 ուղեւորատար ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից դեպի Գրոզնի, կործանվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Ակտաու քաղաքի (Ղազախստան) մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 5 անձնակազմի անդամ եւ 62 ուղեւոր, որոնց թվում՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ։ Վթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ։
2025 թվականի փետրվարին Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել էր նախնական զեկույց՝ վթարի քննության ընթացքի վերաբերյալ։ Փաստաթղթում հստակ եզրակացություններ վթարի պատճառների մասին չկային։ Զեկույցում նշվում էր, որ ինքնաթիռի թափքի վրա հայտնաբերվել են անցքեր, ինչպես նաեւ՝ օտար մետաղական առարկաներ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Ակտաուն սկզբից հայտարարել էր, որ վթարի պատճառների բացահայտմանը ներգրավված են միջազգային փորձագետներ։ Սեւ արկղերը վերծանվել են Բրազիլիայում՝ ինքնաթիռի արտադրող երկրում, եւ հետաքննության նյութերը տրամադրվել են ինչպես ռուսական, այնպես էլ ադրբեջանական կողմերին։
2025 թվականի մայիսի վերջին Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաեւը հայտնել էր, որ վթարի քննությունը գտնվում է երկրորդ փուլում, որի շրջանակում մասնագետները ուսումնասիրում են հավաքված նյութերը։
Անի Վարդանյան

























































































