Հուլիսի 19-ին օկուպացված Ստեփանակերտում տեղի ունեցավ հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ «Թվային ուղիներ. Տեղեկատվության եւ մեդիայի կայունության ամրապնդումը արհեստական բանականության դարում» թեմայով անցկացվող Շուշիի 3-րդ Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցների միջև, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում Իլհամ Ալիեւը անդրադարձել է մի շարք հարցերի, որտեղ նաեւ պարզաբանել է Ադրբեջանի դրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, հնչեցրեց կրկին ադրբեջանական կոշտ պահանջները։
Նա, մասնավորապես, նշել է.
«Աբու Դաբիում քննարկված թեմաներից մեկը կողմերի միջեւ վստահության չափազանց ցածր մակարդակն էր, ինչը լիովին հասկանալի է։ Ինչ վերաբերում է մեզ, մեր դիրքորոշումը երբեք չի փոխվել։ 2003 թվականին ես ասել եմ՝ «Ղարաբաղը մեր հողն է» եւ այդ մասին հետեւողականորեն խոսել եմ վերջին 22 տարիների ընթացքում։ Բայց հայկական կողմի դիրքորոշումը փոխվել է։ Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ դա նորից չի փոխվի։ Կա՞ նման երաշխիք։ …Ես չունեմ։ Երաշխիքը պետք է լինեն միջազգային իրավական նորմերն ու փաստաթղթերը, որոնք, ինչպես ասել եմ Աբու Դաբիում, պետք է երկաթբետոնով փակեն սեպարատիզմի դագաղը»։
Ալիեւը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը՝ նշելով.
«Տրամաբանությունը պարզ է։ Եթե հայկական կողմը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, իսկ Մինսկի խումբը ստեղծվել էր հենց այդ հակամարտության համար, ապա այն պետք է լուծարվի։ Դրա համար պետք է փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ՝ հանելով անկախության հռչակագիրը, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։
Ալիեւը նաեւ նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, եւ փաստաթուղթը նախաստորագրելու գաղափարը ներկայացրել է Ադրբեջանը.
«Ի սկզբանե մենք հեռու չենք այդ դագաղի կափարիչը վերջնականապես փակելուց եւ նորմալ կյանքին անցնելուց։ Ես արդեն ասել եմ՝ դուք ապրեք ձեր կյանքով, մենք՝ մեր։ Միայն այսպես կարող է աստիճանաբար ավելի կամ պակաս ընդունելի իրավիճակ ստեղծվել Հարավային Կովկասում, որպեսզի երեք երկրները վերջապես սկսեն քննարկել գոնե ինչ-որ համագործակցության հնարավորությունը»։
Անդրադարձ է կատարվել նաեւ Զանգեզուրի միջանցքի թեմային.
«Մենք գնահատում ենք Զանգեզուրի միջանցքի նախնական հնարավորությունը 15 միլիոն տոննա բեռ։ Մենք գրեթե ավարտում ենք երկաթուղու շինարարությունը մինչեւ մեր սահմանները Հայաստանի եւ Իրանի հետ։ Հավանաբար մեկ տարուց էլ քիչ ժամանակում՝ գուցե արդեն հաջորդ գարնանը, Ադրբեջանի հատվածի երկաթուղու շինարարությունը կավարտվի»։
Նա հավելել է.
«Զանգեզուրի միջանցքի իրականացումը, ըստ էության, կբացի Հյուսիս-Հարավ միջանցքի եւս մեկ ուղի՝ ոչ միայն այն, որի մասին բոլորը խոսում են՝ Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով դեպի Իրան, այլ նաեւ Արեւելյան Զանգեզուրով եւ Զանգեզուրի այլ հատվածներով դեպի Իրան, այնուհետեւ՝ Թուրքիա։ Այսպիսով, մեծ հնարավորություններ են բացվում բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու համար»։
Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը՝ Ալիեւը նշել է.
«Եթե Հայաստանը շարունակի արգելափակել Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված գործընթացը, նրա երբեւէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները կզրոյանան։ Ցավոք, վերջին հինգ տարիների ընթացքում հայկական կողմում Զանգեզուրի միջանցքի հետ կապված որեւէ աշխատանք չի կատարվել։ Այս հարցը դիտավորյալ հանվում է օրակարգից։ Այդ դեպքում Հայաստանի երբեւէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները մոտենում են զրոյի։ Եթե նրանք շարունակեն խոչընդոտել այս գործընթացին, կարծում եմ, որ ոչ միայն կգտնվեն արդեն իսկ գոյություն ունեցող տրանսպորտային մեկուսացման մեջ, այլեւ որոշ չափով՝ քաղաքական մեկուսացման»։
Խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Ալիեւը նշել է.
«Կան միայն երկու իրավական հարց՝ Սահմանադրության փոփոխությունը եւ Մինսկի խմբի լուծարումը։ Երբ դա տեղի ունենա, խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել։ Այո, այն կարող է նախաստորագրվել մինչ այդ։ Դա այն գաղափարներից մեկն էր, որ ադրբեջանական կողմը ներկայացրել էր Աբու Դաբիում։ Նախաստորագրումը ստորագրություն չէ։ Դա պարզապես նշանակում է, որ բանավոր ասելուց բացի, դու քո ստորագրությունը դնում ես յուրաքանչյուր էջի տակ եւ ասում՝ ավարտված է։ Այսպիսով, մենք իսկապես շատ մոտ ենք»։
Անի Վարդանյան





























