Արդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Կարևորվել է ԱԶԲ-ի աջակցությունը Սնանկության օրենսգրքի մշակման գործընթացում, ինչը հնարավորություն է տալիս լավարկել օրենսդրությունը և համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին:
Քննարման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կորպորատիվ կառավարմանը վերաբերող օրենսդրության բարելավմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Հանդիպման մասնակիցները կարևորել են սնանկության ոլորտի թվայնացման և օրենսդրական բարեփոխումների իրականացումը որպես միջոց Հայաստանում ներդրումային միջավայրի կայունացման ուղղությամբ։
Հստակեցվել են հետագա առաջնահերթությունները և հնարավոր համագործակցության ուղղությունները»,-նշված է հաղորդագրության մեջ:

























































































