ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է Մարտին Լյութեր Քինգի սպանության վերաբերյալ մեծածավալ փաստաթղթեր ։
Դատարանի որոշմամբ այս փաստաթղթերը, որոնք ընդհանուր առմամբ կազմում են 230,000 էջ, արգելափակված էին հանրության համար 1977 թվականից ի վեր։
Քինգի ընտանիքի հայտնի անդամները դեմ են եղել փաստաթղթերի հրապարակմանը։ Նրա երկու երեխաները հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով «այդ փաստաթղթերը չարաշահելու ցանկացած փորձ, որը կարող է վնասել նրանց հոր ժառանգությանը»։
Քինգը սպանվել է Մեմֆիսում 1968 թվականի ապրիլի 4-ին՝ 39 տարեկան հասակում։ Ջեյմս Էրլ Ռեյը, ով քրեական անցյալ ուներ, մեղավոր էր ճանաչվել սպանության համար, սակայն հետագայում հրաժարվել էր իր խոստովանությունից։
Թրամփի քննադատները նշել են, որ փաստաթղթերի հրապարակումը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ վարչակազմը մեղադրվում է քաղաքական թափանցիկության խախտման մեջ՝ կապված ազդեցիկ սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի գործի փաստաթղթերի հետ, որի մահը բանտում 2019 թվականին ճանաչվել էր ինքնասպանություն։
Քաղաքացիական իրավունքների առաջնորդ Ալ Շարփթոնը հայտարարել է, որ Քինգի փաստաթղթերի հրապարակումը «հուսահատ փորձ է շեղելու ուշադրությունը Թրամփի շուրջ Էպշտեյնի գործի եւ նրա հեղինակության անկման պատճառով առաջացած աղմուկից»։
Հիշեցնենք, որ հունվարին Թրամփը հրահանգել էր գաղտնազերծել Քինգի, ինչպես նաեւ նախկին նախագահ Ջոն Քենեդիի եւ Ռոբերտ Քենեդիի սպանությունների վերաբերյալ փաստաթղթերը։
Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը (DNI) հայտարարել է, որ Քինգի փաստաթղթերը «տասնամյակներ շարունակ փոշոտվել են դաշնային տարբեր կառույցներում, մինչեւ օրս»։ Փաստաթղթերը ներառում են «ՀԴԲ-ի ներքին հուշագրեր» եւ «նախկինում չհրապարակված ԿՀՎ նյութեր»՝ Քինգի սպանության հետաքննության վերաբերյալ։
Հրապարակումը համակարգվել է ՀԴԲ-ի, Արդարադատության նախարարության, Ազգային արխիվի եւ ԿՀՎ-ի հետ համատեղ։
«Ամերիկացի ժողովուրդը արժանի է իմանալու ճշմարտությունը մեր երկրի մեծագույն առաջնորդներից մեկի սարսափելի սպանության մասին նույնիսկ տասնամյակներ անց», – հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին։
Հիշեցնենք, որ մինչեւ ձերբակալվելը Քինգի սպանության գործով դատապարտված մարդասպան Ջեյմս Էրլ Ռեյը փախել էր Կանադա, Պորտուգալիա եւ Մեծ Բրիտանիա, որտեղ նաեւ բանկ էր թալանել։ Նրան արտահանձնել էին Մեմֆիս, որտեղ 1969 թվականին մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 99 տարվա ազատազրկման։ Ռեյը մահացել է 1998 թվականին՝ 70 տարեկան հասակում։
Անի Վարդանյան




























