Armenian text to speach

IRI-ի հարցման համաձայն` նվազել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը․ «Հայաստան» դաշինքը 2-րդ տեղում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ 49 տոկոսը, վստահ է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները։ Դրանց համաձայն հայաստանցիների միայն 36 տոկոսն է կարծում, որ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։

Հարցմանը մասնակցել են այն անձինք, որոնց ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7%-ը։

Ըստ հարցման՝ նվազել է նաև ՔՊ-ի վարկանիշը

IRI-ի հարցման համաձայն նվազել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա այս կուսակցության օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների ընդամենը 17 տոկոսը, նախորդ սեպտեմբերին արձանագրված 20 տոկոսի փոխարեն։

Չորս տոկոսով երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է, հարցվածների ևս երկու տոկոսը որևէ քաղաքական ուժ հիշատակելու փոխարեն նշել է Ռոբերտ Քոչարյանի անունը։

Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, սակայն, քաղաքական որևէ գործչի կամ կուսակցության հանդեպ վստահություն չի տածում։ Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ քաղաքական ոչ մի գործչի չի վստահում։ Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա հարցվածների 28 տոկոսը պնդում է, որ դրանց չի մասնակցի,12 տոկոսը պատրաստվում է քվեաթերթիկն անվավեր դարձնել, ևս 22 տոկոսն էլ ընդհանրապես դժվարացել է պատասխանել, թե ինչ է անելու։

Ինչ վերաբերում է երկրում գործող ինստիտուտների հանդեպ վստահությանն, ապա առաջին տեղում են բանակն ու եկեղեցին։ Զինված ուժերին ամբողջությամբ կամ մասամբ վստահում է բնակչության 72, իսկ Հայ Առաքելական եկեղեցուն 58 տոկոսը։ Նախորդ հարցման համեմատ, ի դեպ, եկեղեցու վարկանիշն աճել է 10 տոկոսով։ Հայ Առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է 18-ից 35 տարեկան հայաստանցիների շրջանում՝ ավելի քան 70 տոկոս։

Վարչապետի աշխատակազմին լիովին կամ մասամբ վստահում է բնակչության 38, դատարաններին 31, իսկ Ազգային ժողովին ընդամենը 24 տոկոսը։

IRI-ի պատվերով անցկացված հարցման հեղինակները նաև փորձել են պարզել, թե որոնք էին, ըստ Հայաստանի քաղաքացիների, կառավարության գլխավոր ձեռքբերումները վերջին վեց ամիսների ընթացքում։ Հարցվածների 11 տոկոսը նշել է ճանապարհաշինությունը, 9 տոկոսը՝ խաղաղության պահպանումը, 7 տոկոսը՝ դպրոցների և մանկապարտեզների վերանորոգումը։ Հարցվածների ամենամեծ խումբը՝ 42 տոկոսը, սակայն, համոզված է՝ վերջին վեց ամիսներին Փաշինյանի կառավարությունը որևէ ձեռքբերում չի ունեցել։

Էմմա Միքայելյան




Լրահոս