ՀՀԿ-ն կարո՞ղ է միայնակ գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  ՕԵԿ քաղխորհրդի նիստում որոշում էր կայացվել, ըստ որի կոալիցիայի կազմում հետագա համագործակցությունն աննպատակահար է և խնդրահարույց: Իրենց որոշման պատճառներից մեկը նրանք նշեցին այն հանգամանքը, թե կարևոր շատ որոշումների ընդունումից առաջ իրենց կարծիքը հաշվի չի առնվել:

Արդյո՞ք արդարացի է նրանց դժգոհությունը ՀՀԿ-ի դեպքում:  Այս հարցի պատասխանը ստանալու համար  Armlur.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ:

– Հանրապետականի և օրինացի տեսակետները կարող են տարբեր լինել և այս հարցում, կարծում եմ` մենք իրենց տեսակետը պետք է հարգենք: Մենք հարգում ենք ցանկացած տեսակետ:

– Փաստորեն այս պահին ՀՀԿ-ն մնաց միայնակ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀԿ-ն սխալ է գործում: 

– Ես չեմ կարծում, թե այստեղ սխալի մասին կարող է խոսք լինել: Քաղաքական զարգացումներ են և ցանկացած կուսակցություն, ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում կայացնում իր ներկայի կամ ապագայի համար: Եվ այդ առումով մենք պետք է հարգենք ցանկացած քաղաքական ուժի տեսակետ: Այստեղ սխալի հարց չկա և չի էլ կարող լինել:

– Առանց կոալիցիոն գործընկերոջ ՀՀԿ-ն այդքան ներուժ ունի՞ միայնակ գործունեության համար:

– Մենք ունենք բավականին մեծ ներուժ, կարող ենք օգտագործել այդ ուժը և, եթե գնացել ենք և դեռ կգնանք կոալիցիայի ձևավորման, ապա դա դեռ չի նշանակում, թե մենք միայնակ չենք կարող կամ չենք կարողացել այդ ծանր բեռը տանել: Մենք ունենք այնքան ներուժ, որ կարող ենք տանել և այդ պատասխանատվությունը, և այդ ծանր բեռը: Քաղաքական ուժերի համախմբումը բերում է ավելի մեծ վստահություն և ներուժ` խնդիրները լուծելու համար, սակայն դա չի նշանակում, որ մենք միայնակ չենք կարող այդ բեռը տանել:

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս