Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները կարող են ապշեցնել որ միայն քաղաքական գործիչներին, այլ նաև հասարակ քաղաքացիներին։ Հարցման համաձայն՝ հայաստանցիների միայն 36 տոկոսն է կարծում, որ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։
Հարցմանը մասնակցել են այն անձինք, որոնց ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7%-ը։
Իսկ ինչպե՞ս են Հայաստանի քաղաքացիները տրամադրված Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարներին։ Դատելով Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներից՝ այս հարցում հայաստանցիների տեսակետները կիսվել են։
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը ամբողջությամբ կամ մասնակիորեն կողմ է հարցվածների 47, դեմ՝ 40 տոկոսը։ Խաղաղության համաձայնագրի հանդեպ ամենահոռետեսորենը տրամադրված են 18-ից 35 տարիքային խմբում։ Այստեղ խաղաղության պայմանագրի կնքմանը դեմ է հարցվածների 48, կողմ 38 տոկոսը։ Փոխարենը, տարեցների շրջանում խաղաղության պայմանագրի կնքմանը կողմ է հարցման մասնակիցների 58 տոկոսը։
Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության հեղինակները անդրադարձել են նաև Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին՝ ցանկանալով պարզել՝ եթե այդ հարցով հանրաքվեն նշանակված լիներ գալիք կիրակի, ինչպես կքվեարկեին շարքային քաղաքացիները։ Հարցման համաձայն՝ ԵՄ անդամակցությանը կողմ կքվեարկեր հայաստանցիների 49, դեմ 15 տոկոսը։ Եվս 31 տոկոսը նշել է, որ քվեարկությանն ընդհանրապես չէր մասնակցի։
Ուշագրավ է, ի դեպ, որ անցած տարվա սեպտեմբերին անցկացված հարցման համեմատ ԵՄ անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ ութ տոկոսով։
Էմմա Միքայելյան






























