Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ա․ Մուշեղյանի նախագահությամբ, մերժել է Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի և խմբագիր Քնար Մանուկյանի։
Սա խարազյանի երկրորդ հայցն էր ընդդեմ օրաթերթի https://armlur.am/1215324/։ Խարազյանը դիմել էր դատարան՝ պահանջելով հերքում «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոռումպացված համակարգը շարունակում է մնալ այդպիսին նաեւ այսօր. ՊՎԾ ղեկավարի նոր բացահայտումները» հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունների համար https://armlur.am/1207461/ և 200,000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում «Հիշեցնենք, որ ՊԱԳ-ը բոլոր ժամանակներում է աչքի ընկել անբարեխիղճ եւ կոռումպացված գործունեությամբ, ինչպես նկարագրեց Պետրոսյանը: Դեռ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննվող մի քրեական գործով հունիսի 13-ին ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։
Ի դեպ, նշենք, որ Արսեն Սեդրակյանի նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ հանցակազմը չի հիմնավորվել։
«Ժողովուրդ» օրաթերթը սկսել է հետաքննություն՝ պարզելու, թե ինչ եղավ այս գործը»,-նշված էր մեր հրապարակման մեջ։ Ըստ հայցվորի՝ լրատվամիջոցն արատավորել է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը՝ թիրախավորելով իրեն իբրև անբարեխիղճ և կոռումպացված գործունեություն ծավալած անձ, քանի որ ինքը «իբր կասկածվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար», սակայն դեռևս 2016 թվականին հարուցված քրեական գործը կարճվել է, և նա որևէ հանցանքի կատարման մեջ «չի կասկածվում և չի մեղադրվում»։
Հայցվորը նաև նշել է, որ թեև նյութի մեջ տեղ են գտել այլ անձանց անուններ նույնպես, բայց հրապարակվել է միայն իր լուսանկարը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ օրաթերթը դիտավորությամբ ու նպատակային թիրախավորել է հենց իրեն։ Նկատենք, որ այս հրապարկման մեջ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի Հանրային հեռուստաընկերության եթերով թողարկված հաղորդման ժամանակ հնչեցրած դիրքորոշմանը, այսինքն՝ տեղեկատվության աղբյուրը հայտնի է Ինչ վերաբերում է Սամվել Խարազյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա այդ մասով խմբագրությունը իրավասու պետական մարմնից ստացել էր գրավոր ապացույց առ այն, որ հարուցվել է քրեական գործ, որի քննության ընթացքում Հայցվորը ձերբակալվել է, նրան առաջադրվել է մեղադրանք, նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք, այդ թվում՝ Հայցվորը, զղջացել են կատարված հանցավոր արարքների համար, որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին, այսինքն՝ հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով։ Այսինքն՝ մեր հրապարակման մեջ իրականությանը չհամապատասխանող որևէ փաստացի տվյալ չի հրապարակվել, քրեական գործ հարուցված է եղել, հայցվորը այդ քրեական գործով ներգրավված է եղել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց:
Դատարանը ևս արձանագրել է, որ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել է կոնկրետ և հստակ տեղեկատվություն Սամվել Խարազյանի վերաբերյալ, ըստ էության ոչ իրավաչափ գործողություններ կատարելու, հանցավոր վարքագիծ դրսևորելու վերաբերյալ: Հետևաբար՝ քանի որ կատարված արտահայտությունը հիմնված է ստույգ փաստերի վրա, այն չի կարող գնահատվել զրպարտություն: Հենց այս հիմքով էլ ՊԱԳ-ի տնօրենի հայցը մերժվել է։ Շնորհակալ ենք «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության ողջ թիմին՝ ի դեմս մեր փաստաբան Սառա Վանդունցին ազատ արտահայտման մեր իրավունքը պաշտպանելու համար։





























