ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։
Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով դրանք որպես առաջընթացի կարևոր խթաններ։
Կողմերը քննարկել են նաև ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրը` արժևորելով ՀՀ և նշյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների համատեղ ջանքերը միջոցառումները ավարտին հասցնելու ուղղությամբ։




















































































