Հուլիսի 22-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվեց Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը, որտեղ նրան ներկայացված են մի շարք ծանր մեղադրանքներ՝ ներառյալ «խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ», «պատերազմական հանցագործություններ», «ահաբեկչություն» և այլ հոդվածներ։ Դատական նիստը բաց է անցկացվել, Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն թարգմանիչ և իր ընտրությամբ պաշտպան։
Նիստի ընթացքում Վարդանյանը և նրա պաշտպանները բողոքել են նախաքննության ընթացքում թարգմանիչների ոչ պրոֆեսիոնալ լինելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է այդ բողոքը՝ նշելով, որ բավարար ապացույցներ չեն ներկայացվել։
Մասնավորապես Վարդանյանը բողոք է ներկայացրել՝ պնդելով, որ նախաքննության ընթացքում օգտագործված թարգմանիչները եղել են ոչ պրոֆեսիոնալ։ Վարդանյանի պաշտպան Ավրաամ Բերմանը աջակցել է այս պնդմանը՝ ներկայացնելով թարգմանիչների անունները։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հակադարձել է, որ Վարդանյանը չի ներկայացրել ոչ պրոֆեսիոնալիզմի որևէ կոնկրետ դեպք կամ կողմնակալության ապացույց, և խնդրել է մերժել բողոքը։ Տուժողները աջակցել են մեղադրող կողմին։ Դատավոր Աղաևը որոշել է, որ Վարդանյանը ապացույցներ չի ներկայացրել իր պնդումները հիմնավորելու համար և մերժել է բողոքը։
Վարդանյանը նաև բողոքել է փետրվարի 25-ի նիստի արձանագրությունների վերաբերյալ՝ պնդելով ընթացակարգային խախտումներ և դատական կողմնակալություն են եղել ։ Պաշտպանը ևս աջակցել է այս բողոքին։ Սակայն այս բողոքը ևս մերժվել է։
Նիստի ընթացքում ընթադրյալ տուժողների իրավահաջորդները և մի քանի անձինք շինծու վկայություններ են տվել ։
Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 29-ին։
Կից կարող եք տեսնել Ռուբեն Վարդանյանին ներկայացված ապօրինի մեղադրանքների ցանկը, համապատասխան հոդվածներով.
1. Ագրեսիվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում, սկսում և վարում (100.1, 100.2)
2. Բնակչության արտաքսում և հարկադիր տեղահանում (107)
3. Հալածանք (109)
4. Անձանց հարկադիր անհետացում (110)
5. Ազատությունից զրկում միջազգային իրավունքի խախտմամբ (112)
6. Խոշտանգում (113)
7. Վարձկանություն (114.1)
8. Պատերազմի օրենքների և սովորույթների խախտում (115.2)
9. Միջազգային հումանիտար իրավունքի խախտում զինված հակամարտության ժամանակ (116.0.1, 116.0.2, 116.0.10, 116.0.11, 116.0.16, 116.0.18)
10. Դիտավորյալ սպանություն (120.2.1, 120.2.3, 120.2.4, 120.2.7, 120.2.11, 120.2.12)
11. Սպանության փորձ (29.120.2.1, 29.120.2.3, 29.120.2.4, 29.120.2.7, 29.120.2.11, 29.120.2.12)
12. Ապօրինի ձեռնարկատիրություն (192.3.1)
13. Ահաբեկչություն (214.2.1, 214.2.3, 214.2.4)
14. Ահաբեկչության ֆինանսավորում (214-1)
15. Հանցավոր խմբի ստեղծում (218.1, 218.2)
16. Ապօրինի զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ձեռքբերում, պահում, տեղափոխում և օգտագործում (228.3)
17. Ավիացիոն անվտանգության սպառնալիքներ (270-1.2, 270-1.4)
18. Իշխանության զավթում կամ պահում, սահմանադրական կարգի փոփոխություն (278.1)
19. Օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ստեղծում (279.1, 279.2, 279.3)
20. Պետական սահմանի ապօրինի հատում (318.2)
Անի Վարդանյան




















































































