
Հուլիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ 1998 թվականի դեկտեմբերի 10-ի հանցագործությունը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, բացահայտվել է: ՔԿ-ն հայտնում է, որ պարզել է. «Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն եւ Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ եւ համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաեւ ապօրինի կերպով ձեռք են բերել եւ պահել հրազեն»։ Լրատվամիջոցներից մի քանիսը փորձեցին բացել ենթադրյալ կասկածյալների անուն-ազգանունները, նշելով, որ Ս. Ա-ն Սասուն Առուշանյանն է, ով Սամվել Բաբայանի թիկնազորի պետն է եղել…
ArmLur.am-ը 27 տարի առաջ տեղի ունեցած սպանության հետքերով է գնացել եւ ներկայացնում է , թե ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու հարևանները ինչ էին պատմել «Առավոտ» օրաթերթին ինչ ձայներ են լսել:
Սպանությունից առաջ Վ. Խորխոռունին երկու բնակարան էր գնել Չարենց-Լերմոնտով խաչմերուկի վրա գտնվող շենքում եւ այնտեղ էլ բնակվում էր։ Հարեւանների վկայությամբ՝ Խորխոռունին աշխատանքից սովորաբար ուշ էր վերադառնում։
Ծառայողական ավտոմեքենաները՝ «Նիվա», «ԳԱԶ 31», սովորաբար, ինքն էր վարում։ Անցած գիշեր նա տուն էր եկել «ԳԱԶ 31» ավտոմեքենայով։ Մեզ որեւէ կերպ չհաջողվեց պարզել՝ նա անմիջապես աշխատանքի՞ց էր տուն վերադառնում, թե որեւէ այլ վայրից։ Նրա մուտքի անմիջապես հարեւանությամբ շենքի կամարն է։ Հարեւանների վկայությամբ՝ վերջին մի քանի օրը էլեկտրալարը կտրված էր եւ կամարը չէր լուսավորվում։ Սպանության պահին բոլոր արթուն հարեւանները հեռուստացույց էին դիտում, հետեւաբար շատ քչերն էին լսել կրակոցները։ Հարեւաններից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ լսել է 4-5 կրակոց հիշեցնող ձայն եւ ուղեկցվող գոռոցներ։ Նա չի համարձակվել դուրս գալ տանից, սակայն 10-15 րոպե պատուհանից դուրս է նայել եւ ոչինչ չի նկատել։
Դեպքից ընդամենը 25 րոպե հետո լսել է աղմուկ եւ գոռոցներ։ Մեկ ուրիշ հարեւան պատմեց, որ նույն կրակոցները լսած հարեւաններից մեկը որդու հետ մուտք է դուրս եկել եւ տեսել է աստիճանների վրա ընկած Խորխոռունուն։
Համոզվելով, որ նա արդեն մահացած է, վերադարձել են տուն եւ զանգահարել շտապօգնություն եւ ոստիկանություն։ Բոլոր հարեւանների վկայությամբ՝ նախ ժամանել է շտապօգնության մեքենան, հետո նոր ոստիկանությունը։ Հարեւանների վկայությամբ՝ Խորխոռունու վրա եղել է տաբելային ատրճանակը։
Նա հաստատ չի հասցրել արձակել այն։ Հարեւաններից մեկը, որ հրազենի գիտակի տպավորություն էր թողնում, պնդում էր, որ միջանցքում ընկած պարկուճները «Մակարով» ատրճանակի փամփուշտներից էին։ Հիշեցնենք, որ այս փամփուշտներն են օգտագործվում նաեւ մեր տեղական արտադրության «Ուզի» տիպի ավտոմատներից կրակելու համար։ Նա նաեւ նշեց, որ դիակի կողքին ընկած էր պայուսակ, որը հավանաբար պատկանում էր Խորխոռունուն, եւ այդ պայուսակի վրա ոտնահետք կար։ Հարեւանների պնդմամբ, սպանությունից մոտ մեկ ժամ հետո, եկել են նաեւ Խորխոռունու հարազատները։
Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ մորեգույն բերետավորների մի դասակ առավոտյան անմիջապես սկսել է մաքրել շենքի բակը։ Երեկ երեկոյան շենքի կամարի լույսն արդեն վառվում էր։ Սպանության առիթով պաշտոնական որեւէ վարկած չի հրապարակվել։
Սա, բնականաբար, տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս… Տարածված, չստուգված լուրերի համաձայն՝ Վահրամ Խորխոռունին ուներ բիզնեսի իր ոլորտը։ Խոսվում է, որ նա զբաղվում է ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ։ Չստուգված լուրերի համաձայն՝ մոտ օրերս նա օղու մեծ խմբաքանակ էր ներմուծել… »։
«Սպանության 3 վարկածները» «Տնտեսական վարկածի հետ կախված հիշեցնենք, որ Խորխոռունին տրանսպորտային ոստիկանության ղեկավարն էր այն ժամանակ, երբ պաշտոնական վարկածով նախորդ դատախազին սպանած եւ ինքնասպանություն գործած Արամ Կարապետյանը հանրապետության տրանսպորտային դատախազն էր: Ավելացնենք նաեւ, որ մի քանի ամիս առաջ, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն էր գործել ՊՆ ֆինանսատնտեսական վարչության պետ Մավրիկ Ավետիսյանը, իսկ վերջերս ՊՆ փոխնախարարի պաշտոնից ազատվել էր Գեւորգ Վարդանյանը»:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․