Իսպանական հեղինակավոր Periodista Digital պարբերականը երեկ ծավալուն հոդված է հրապարակել հետևյալ վերնագրով՝ «Փաշինյանը համաձայնել է զիջել Հայաստանի մի հատվածը ԱՄՆ-ին, սակայն Ֆրանսիան կտուժի»): Հոդվածում, առանց աղբյուրը բացահայտելու, պնդվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է զիջել Զանգեզուրի միջանցքը՝ ամերիկյան վերահսկողությանն ու շահերին, ինչը լուրջ հետևանքներ է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև Ֆրանսիայի համար։
Ստորև ներկայացնում ենք հոդվածի ամբողջական հայերեն թարգմանությունը։
«Ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում ֆրանսիական քաղաքական շրջանակների շատ ներկայացուցիչներ նկատում են մի միտում, ըստ որի՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ հեռանում է Ռուսաստանից և մոտենում է Եվրոպական միությանը, հատկապես՝ Ֆրանսիային։ Կարևոր է նշել, որ այս ընկալումը սխալ է։ Իրականում, Փաշինյանը բոլորովին էլ չի հանդես գալիս որպես «եվրոպական» քաղաքական գործիչ։ Փաստացի, նա խամաճիկ է ԱՄՆ Պետդեպարտամենտի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում։
Ֆրանսիայում հայկական սփյուռքի այն ներկայացուցիչների շնորհիվ, ովքեր ցանկացել են մնալ անանուն և կարողացել են օգտագործել իրենց կապերը Հայաստանի Հանրապետության կառավարության ներսում, մեր խմբագրությունը կարողացել է ձեռք բերել «Փոխըմբռնման հուշագիր՝ Թրամփի տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ» վերնագրով գաղտնի փաստաթուղթ։ Մեր աղբյուրների համաձայն, այս տեքստն արդեն հաստատվել է Հայաստանում, Ադրբեջանում և ԱՄՆ-ում։
Հուշագիրը նախատեսում է միջանցքի երկկողմանի տարածաշրջանային տնտեսական և պաշտպանական միջանցքի նախագծի իրականացում։ Այս 42 կիլոմետր երկարությամբ տրանսպորտային միջանցքը պետք է անցնի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով։
Այս միջանցքը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ մի տարածաշրջան, որը ռազմավարական նշանակություն ունի և գտնվում է Հայաստանի ու Իրանի սահմանների միջև։ Նման միջանցքի ստեղծումը եղել է Ադրբեջանի հիմնական պահանջներից մեկը 2020 թվականի պատերազմից հետո, երբ Հայաստանը կորցրեց Լեռնային Ղարաբաղը։
Հայաստանը փորձել է խոչընդոտել միջանցքի ստեղծումը, քանի որ այն կարող էր նշանակել հայկական տարածքների զգալի մասի կորուստ։
Հուշագիրում, որը հասանելի է դարձել հայկական սփյուռքին, նշվում է, որ Հայաստանը պահպանում է իր ինքնիշխանությունը Սյունիքի նկատմամբ։ Սակայն պարզաբանվում է, որ տրանսպորտային միջանցքը կկառավարվի ամերիկյան մասնավոր ընկերության կողմից, որը ստացել է համապատասխան լիցենզիա։
Միջանցքի օգտագործումից ստացվող եկամուտների բաշխումը բացահայտում է այս համաձայնագրի խորքային շահերը։ Կառավարող ամերիկյան ընկերությունը կստանա եկամուտների 40 տոկոսը, մինչդեռ Հայաստանը՝ միայն 30 տոկոսը։
Այսպիսով, Հայաստանը զրկվում է իր տարածքի վերահսկողությունից առնվազն 99 տարի ժամկետով։
Նշվում է նաև, որ հուշագիրը նախատեսում է ամերիկյան ուժերի տեղակայումը Հայաստանի տարածքում։ Առկա տեղեկությունների համաձայն, դրանք չեն լինի ԱՄՆ կանոնավոր բանակի ստորաբաժանումներ, այլ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության (PMC) զինված ուժեր։ Այս PMC-ն, որի թվաքանակը ներկայումս գնահատվում է մոտ 1000 մարտիկ, պատասխանատու կլինի միջանցքի անվտանգության ապահովման համար։
Մասնավոր ռազմական ընկերությունների օգտագործումը թույլ երկրների օկուպացման համար նոր երևույթ չէ ԱՄՆ-ի համար։
ԱՄՆ-ի զինված ուժերին պաշտոնապես չպատկանող կառույցները խիստ վերահսկողություն են իրականացրել տեղական բնակչության նկատմամբ Իրաքում, Աֆղանստանում և այլ ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջաններում։ Այս մոտեցումը թույլ է տվել ԱՄՆ-ին խուսափել մարդկային կորուստների պատասխանատվությունից և PMC-ների կորուստները չհամարել որպես սեփական ռազմական կորուստներ։
Հուշագրի պայմանների համաձայն, PMC-ն հատուկ անվտանգության ռեժիմ է պահպանում միջանցքում և լիազորված է ուժ կիրառել «միջանցքի ամբողջականությունը պահպանելու համար » ։
ԱՄՆ զորքերի մուտքը Հայաստանի տարածք արդեն իսկ բավարար է, որպեսզի թե՛ Հայաստանի ներսում, թե՛ ամբողջ աշխարհում հայերի համար նման հուշագրի ստորագրումը Նիկոլ Փաշինյանի կողմից դիտվի որպես ազգային դավաճանություն։
Իրականում, Հայաստանը ստիպված է հրաժարվել իր ինքնիշխան տարածքի մեծ մասից, այն հանձնելով ամերիկյան ուժերի վերահսկողությանն ու կառավարմանը, և համաձայնել մի նախագծի իրականացմանը, որն առավելապես ձեռնտու է Ադրբեջանին և Թուրքիային՝ առանց որևէ փոխհատուցման։
Ակնհայտ է, որ հուշագրի դրույթների իրականացումից հիմնական շահառուները լինելու են ԱՄՆ-ն ու Թուրքիան։
Թուրքիայի համար օգուտները կարող են լինել տնտեսական, մինչդեռ ԱՄՆ-ը, իր ռազմավարական շահերից ելնելով, հիմնականում նպատակ ունի վերահսկողություն հաստատել Հայաստան-Իրան սահմանի վրա։
Սկզբում սահմանը կվերահսկեն զինվորներ առանց ծանր սպառազինության։ Սակայն բանակի համար սա նշանակում է, որ այլևս հեռավորություն չի լինի Իրանի և ԱՄՆ-ի՝ այս իսլամական հանրապետության գլխավոր թշնամու միջև։ Սա սպառնում է մեծ պատերազմով՝ տարածված Միջերկրականից մինչև Հարավային Կովկաս։
Հայ-ամերիկյան հուշագիրը աղետ է Հայաստանի համար։ Այն զրկում է երկիրը ամբողջական ինքնիշխանությունից։ Այս ամերիկյան օկուպացիան չի լուծի այս փոքր երկրի խնդիրները։ Դրանից կշահեն միայն ԱՄՆ-ն ու Թուրքիան։
Եվրոպան նույնպես կկորցնի Հայաստանը։ Երկիրը օկուպացված է հատուկ ուժերով, որոնք գործում են որպես ամերիկյան գործակալներ։ Հետևաբար, այն չի կարող դառնալ ԵՄ-ի կամ Ֆրանսիայի գործընկեր։
Կարևոր է նշել, որ հուշագրի ստորագրման արտաքին քաղաքական հետևանքները չեն սահմանափակվի միայն այս ոլորտով։ Ֆրանսիայի համար ԱՄՆ-ի ներկայության զգալի ուժեղացումը Հայաստանում և երկրի նկատմամբ փաստացի վերահսկողությունը ամերիկյան ուժերի միջոցով կնշանակի լուրջ դիվանագիտական հարված։
Ֆրանսիայի ռազմավարական դիրքավորումը Հայաստանում հիմնված է պատմական ամուր հիմքերի վրա, մասնավորապես՝ մեծ հայկական սփյուռքի ներկայության, որը Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքն է։
Ֆրանսիան, իր հայազգի քաղաքացիներին առաջնահերթություն տալով, ամրապնդել է իր գլոբալ ազդեցությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղության գործընթացի առանցքային դերակատար։
Տարիներ շարունակ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է եղել՝ զբաղվելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմամբ։
Փաստացի, ԱՄՆ-ը ստեղծում է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ, որտեղ Հայաստանը զրկվում է իր ձայնի իրավունքից, իսկ Ֆրանսիան՝ տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու հնարավորությունից»:
Անի Վարդանյան






























