Armenian text to speach

Մեծ Բրիտանիան առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել ապօրինի միգրացիայի կազմակերպիչների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մեծ Բրիտանիան սահմանել է սահմանափակումներ 20 ֆիզիկական և 5 իրավաբանական անձանց նկատմամբ՝ աշխարհում առաջին անգամ կիրառելով պատժամիջոցների ռեժիմ, որը ուղղված է ապօրինի միգրացիայի կազմակերպիչների դեմ։ Այս մասին նշվում է երկրի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Այսօր միգրանտների ապօրինի տեղափոխման խմբերի ղեկավարները, հիմնական միջնորդներն ու ապօրինի մարդկանց տեղափոխման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարները հայտնվել են պատժամիջոցների տակ, որոնք ուղղված են ապօրինի միգրացիայի դեմ», – ասված է հայտարարությունում։

Պատժամիջոցների տակ հայտնված անձանց աշխարհագրությունը ներառում է Ասիան, Մերձավոր Արևելքը, Բալկանները և Հյուսիսային Աֆրիկան։ Նրանց մեղադրում են, մասնավորապես, ապօրինի միգրացիայի համար նավակների մատակարարման, կեղծ անձնագրերի տրամադրման և ոչ ֆորմալ ֆինանսական համակարգի միջոցով ապօրինի փոխանցումների միջնորդության մեջ։ Բացի այդ, պատժամիջոցներ են կիրառվել նրանց նկատմամբ, ովքեր անմիջականորեն ներգրավված են միգրանտների տեղափոխման մեջ բեռնատարներով և նավակներով, ինչպես նաև հանցավոր խմբերի ղեկավարների նկատմամբ։

Միգրանտների կողմից Լա Մանշի նեղուցի ապօրինի հատման ճգնաժամը Մեծ Բրիտանիայում շարունակվում է 2018 թվականից։ 2025 թվականի սկզբից ավելի քան 20 հազար ապօրինի միգրանտներ հասել են Մեծ Բրիտանիայի ափեր Լա Մանշի նեղուցով, ըստ երկրի ՆԳՆ-ի։ 2025 թվականի առաջին վեց ամիսներին միգրանտների թիվը գերազանցել է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշները։

2024 թվականին ավելի քան 36,8 հազար ապօրինի միգրանտներ նավակներով հասել են Մեծ Բրիտանիա, ինչը մեկ քառորդով ավելի է, քան նախորդ տարի։ Ռեկորդային ցուցանիշ է գրանցվել 2022 թվականին, երբ ավելի քան 45,7 հազար միգրանտներ հասել են բրիտանական ափեր։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները օրական մի քանի միլիոն ֆունտ ստեռլինգ են ծախսում ապաստան հայցողների հյուրանոցներում տեղավորման համար։

Հիշեցնենք, որ Մայիսին Մեծ Բրիտանիայի «Reform UK» աջակողմյան կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը կոչ էր արել վարչապետ Կիր Սթարմերին Լա Մանշի նեղուցում արտակարգ դրություն հայտարարել՝ կապված ապօրինի միգրանտների մեծ հոսքի հետ։ Սթարմերը համաձայնել էր, որ իրավիճակը լուրջ է, սակայն խուսափել էր հստակ պատասխան տալուց։

Ապօրինի միգրանտները հաճախ փորձում են ցանկացած միջոցներով հասնել Մեծ Բրիտանիա և ստանալ փախստականի կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս օգտվել ֆինանսական և սոցիալական ծրագրերից։

Անի Վարդանյան




Լրահոս