Իրանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի ռեժիմի կողմից Գազայում իրականացվող ցեղասպանական եւ պատերազմական հանցագործությունները եւ կոչ է արել անհապաղ գլոբալ եւ տարածաշրջանային միջամտության՝ Պաղեստինի ժողովրդի տառապանքները դադարեցնելու համար։
Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարություն է տարածել՝ խորապես մտահոգություն հայտնելով Գազայում վատթարացող հումանիտար աղետի կապակցությամբ՝ դատապարտելով պաղեստինցիների շարունակական կոտորածը եւ սննդի, ջրի, դեղորայքի ու կենսական անհրաժեշտության պարագաներից դիտավորյալ զրկումը։
Նախարարությունը խստորեն դատապարտել է իսրայելական ռեժիմի կողմից իրականացվող անընդհատ հանցագործությունները՝ միջազգային հանրությանը եւ տարածաշրջանային երկրներին կոչ անելով վճռական եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու ցեղասպանությունը եւ թեթեւացնելու Պաղեստինի ճնշված ժողովրդի տառապանքները։
Նախարարությունը Գազայի անմարդկային պաշարումը, փախստականների ապաստարանների վայրագ ռմբակոծությունները եւ հումանիտար օգնության կետերի թիրախավորումը որակել է որպես զանգվածային սպանության դիտավորյալ գործողություններ ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ավելի քան 1,000 անմեղ քաղաքացի սպանվել է սննդի հերթերում սպասելիս, իսկ ավելի քան 600-ը մահացել են սովից՝ ընդգծելով ռեժիմի բարբարոսությունը եւ միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտումները։
Գազայի տարածքի 90%-ը բնակության համար անպիտան է հայտարարվել, իսկ ավելի քան 1.2 միլիոն մարդ կանգնած է ծայրահեղ սովի առաջ։ Իրանը նախազգուշացրել է, որ Գազան այժմ լիակատար կործանման եզրին է։
Նախարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձախողման համար մեղադրել է ԱՄՆ-ին։
Ընդգծվել է, որ ԱՄՆ-ի եւ որոշ եվրոպական երկրների՝ հատկապես Գերմանիայի, ռազմական, տնտեսական եւ քաղաքական աջակցությունը Իսրայելին լիակատար հնարավորություն է տվել իրականացնել էթնիկ զտման եւ պաղեստինցիների հարկադիր տեղահանության ծրագիր։
Իրանն Իսրայելի հովանավորներին, հատկապես ԱՄՆ-ին, պատասխանատու է համարել պատերազմական հանցագործությունների համար՝ դատապարտելով նրանց՝ ռեժիմին պատասխանատվությունից պաշտպանելու, զենք մատակարարելու եւ քաղաքական աջակցություն ցուցաբերելու համար։
Նախարարությունը նախազգուշացրել է, որ Գազայի առողջապահական համակարգի ամբողջական փլուզումը եւ հինգ ամիս տեւած սննդի ու դեղորայքի շրջափակումը ստեղծել են աննախադեպ հումանիտար աղետ։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























