Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ)՝ հակակոռուպցիոն համակարգում առանցքային դեր ունեցող մարմինը, արդեն 4 օր է փաստացի մնացել է առանց ղեկավարի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի գտել այն «ցանկալի եւ վստահելի» անձին, որը կփոխարինի 2021թ. դեկտեմբերից ՊՎԾ ղեկավար նշանակված Ռոմանոս Պետրոսյանին։
Բացի դրանից, ինչպես հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին, ծառայությունում այս պահին բացակայում են նաեւ մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք Պետրոսյանի հետ գործուղվել են ՀԷՑ, ինչը կառույցը դարձնում է գործնականում անաշխատունակ։
Հիշեցնենք՝ Ռոմանոս Պետրոսյանը պաշտոնավարման ընթացքում հայտարարել էր, թե Պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին հատկացված պետական միջոցները ծախսվել են ոչ արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն էլ հպարտանում էր իր ասուլիսներից մեկի ժամանակ, թե ՊՎԾ-ն է բացահայտել ԱՆԻՖ-ի չարաշահումները: Սակայն 2 տարի է անցել գործի քննությունից, եւ որեւէ մեղադրյալ չկա պետբյուջեից անհետացած 25 մլրդ դրամի կամ մոտ 70 մլն դոլարի վերաբերյալ:
Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու ԱՆԻՖ հիմնադրամի վերաբերյալ մինչեւ օրս որեւէ պատասխանատու անձ չի պատժվել, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց.
-Լիազորված չեմ պատասխանելու, նախաքննական մարմնին դիմեք։
-Արդյոք իրավապահները կաշկանդվա՞ծ են:
-Քաղաքական կամքը մեր թիմում անձամբ վարչապետի կողմից դրսեւորվել է նաեւ մեր վերահսկողությունն իրականացնելու օրինակով:
-Ապա ի՞նչ են այսքան տարի քննում:
-Չեմ կարող ասել:
-Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանն ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ:
-Չեմ կարող ասել, նախաքննական մարմնին դիմեք: Ես իրավասու չեմ:
Այսպիսով, թեպետ Ռոմանոս Պետրոսյանը պարծենում էր իր բացահայտումներով, սակայն գործի վերաբերյալ իրավապահները 2 տարի է քննում են, բայց ապացույց չեն գտնում, որ որեւէ մեկին պատժեն: Ավելին՝ ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը հայտարարել է, որ ՊՎԾ բացահայտումները դատարկաբանություն են:
Հիմա այս անձնավորությունը գնացել է՝ ՀԷՑ-ում բացահայտումներ անելու:
Վարդան Ղուկասյանը կապ է փնտրու՞մ Սերժ Սարգսյանի հետ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քաղաքական վիճակը գնալով բարդանում է: Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում ունենալով 8 մանդատ՝ իրավիճակի բերումով նա ստացավ ընդդիմադիր երկու ուժերի՝ Մարտուն Գրիգորյանի ու Ռուբեն Մխիթարյանի թիմերի հավաքած 9 մանդատները եւ դարձավ քաղաքապետ: Քանի որ Վարդան Ղուկասյանն ու իր շրջապատն այս մարդկանց համարում են ՀՀ երրորդ նախագահի ազդեցության տակ գտնվող գործիչներ, ուստի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդու դեմ ուժայինների հարուցած հետախուզման լուրը խիստ անհանգստացրել է Ղուկասյանին ու նրա թիմակիցներին: Վերջիններս մտավախություն ունեն, որ իշխանությունները կօգտագործեն իրենց լծակները ու վերջնահաշվում կզրկեն Ղուկասյանին ավագանու անդամների անհրաժեշտ քանակի աջակցությունից` սկսելով անվստահության գործընթաց:
Քաղաքապետին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Ղուկասյանը փորձում է կապեր գտնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կամ գոնե նրա թիմակիցների շրջանում՝ քաղաքական աջակցություն ստանալու եւ վերոնշյալ սցենարը կանխելու համար:
Ամենամեծ հարցն այն է, որ սկսած 2018թ.-ից, Ղուկասյանը շատ կոպիտ է արտահայտվել Սերժ Սարգսյանի մասին, նույնիսկ տեսախցիկների առջեւ վանկարկել է՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» ՔՊ-ական կարգախոսը: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի քաղաքական իրավիճակը Ղուկասյանի համար:
Տիգրան Ավինյանի կեղծ չեզոքությունը. ՔՊ-ի հակաեկեղեցական արշավին նա, կարծես թե, չի միանում
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առայժմ աչքի է ընկնում չափազանց զգուշավորությամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի եւ վերջին շաբաթների հակաեկեղեցական գործողությունների համատեքստում։
Ի տարբերություն իշխանական թիմի բարձրաձայնող անդամների՝ Ավինյանը չի գրում ֆեյսբուքյան ստատուսներ, հրապարակային հայտարարություններով հանդես չի գալիս եւ խուսափում է կտրուկ գնահատականներից, անգամ երբ հարցը վերաբերում է երկրում ամենահին ազգային կառույցներից մեկին՝ Հայ Առաքելական եկեղեցուն։
Նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնի բակում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ձերբակալություններին եւ եկեղեցու շուրջ ձեւավորված լարվածությանը՝ Ավինյանն ասաց. «Կեղծավորության մեջ ապրելը եւ, այսպես ասած՝ արհեստականության մեջ ապրելը սխալ բան է։ Որոշ դեպքերում պետք է ճշմարտություններ բարձրաձայնվեն, եւ այդ ճշմարտությունների հետեւից նաեւ գնալ է պետք։ Եվ այն ամենին ինչի վրա երկար ժամանակ աչք է փակվել՝ որոշ հանգամանքներից ելնելով, վաղ թե ուշ պետք է վերջ տրվի. դա կեղծավորություն է»։
Լրագրողների հարցին, թե կմիանա Փաշինյանի՝ «Վեհարանը կաթողիկոսից ազատելու» գործընթացին, Ավինյանի պատասխանը էլ ավելի դիվանագիտական էր. «Կարծում եմ՝ ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է»։
Սակայն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցման, քաղաքապետը թիմակիցների նեղ շրջանակում պարզաբանել է՝ ինքը չի ցանկանում որեւէ կերպ մասնակցել հակաեկեղեցական արշավին՝ այն համարելով անթույլատրելի։ Արդյոք սա հստակ տարանջատում է ՔՊ ներսում, թե պարզապես քաղաքական հաշվարկ է, առայժմ դժվար է միանշանակ ասել։
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչով է պայմանավորված Ավինյանի այս զսպվածությունը։ Նրա մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց. «Ավինյանի արդեն ասած խոսքերին ավելացնելու ոչինչ չունենք»։
Այս պահին մնում է արձանագրել՝ Ավինյանի դիրքորոշումը ՔՊ-ում առկա սուր հակաեկեղեցական հռետորաբանության ֆոնին աչքի է ընկնում զսպվածությամբ, ինչը վկայում է ներքաղաքական խաղից հեռու մնալու ցանկության մասին։ Եվ այս ֆոնին հետաքրքիր է՝ նա կընտրվի՞ արդյոք ՔՊ վարչության անդամ սեպտեմբերին կայանալիք ընտրության արդյունքում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները նախնական որոշում ունեն Պետական վերահսկողության ծառայությունում առաջիկայում ղեկավար չնշանակելու: Ըստ նույն աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՊՎԾ-ի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով արդեն նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հավատարիմն է դարձել, իսկ ավելի ուշ՝ հետո, կորոշեն ինչ անել այդ կարեւորագույն պաշտոնի կապակցությամբ: Բանն այն է, որ իշխանությունները մտադրություն ունեն Ռոմանոս Պետրոսյանին վերադարձնել ՊՎԾ ղեկավարի պաշտոնում՝ ՀԷՑ-ի «գործերը ավարտելուց հետո»: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Պետրոսյանը համաձայնել է ՀԷՑ կառավարումը ժամանակավոր իրականացնել, այնտեղ այլ անձ նշանակել, որից հետո ինքը կվերադառնա իր պաշտոնին:























