Armenian text to speach

Ի՞ՆՉ ԱՆՑՅԱԼՈՎ Է ՀԱՅՏՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատեց Հակոբ Սիմիդյանին՝ փոխարենը նշանակելով նախկին գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանին:

 

ArmLur.am լրատվականը ներկայացնում է նոր նախարարի կենսագրությունը:

Մաթեւոսյանը 2013-2015 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։

2016-2018 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես հումանիտար եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական:

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզպետ:

2021 թվականի նոյեմբերի 25-ից մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 12-ը զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։

2023 թվականի փետրվարի 16-ից մինչեւ 2025 թվականի հուլիսի 16-ը եղել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանը 2022 թվականի հայտարարատու տարում ոչ մի եկամուտ չի նշել: Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը նախկին փոխվարչապետին իրեն խորհրդական է դարձրել, բայց չի վճարում:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է Փաշինյան-Մաթեւոսյան վեճերին։ Նման մի վեճի պատճառով էլ Փաշինյանը պարտադրել է Մաթեւոսյանին հրաժարականի դիմում գրել հենց հարսանիքի հաջորդ օրը։

Փաշինյանի սրտով չէր եղել Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների գործընթացը, որի ժամանակ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել էր, մինչդեռ պլանավորված էր, որ ընտրվելու է Նիկոլ Փաշինյանի ցանկալի թեկնածուն (ըստ երեւույթին՝ Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը), սակայն չընտրվեց:

Ընտրություններին հաջորդել է Մաթեւոսյանի ինքնակամ հրաժարականը։

Համբարձում Մաթեւոսյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երեւանում, որը ձեռք է բերել 2017 թվականին, երբ Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական էր: Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Մաթեւոսյանը եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդական, որից հետո էլ սկսվել է Մաթեւոսյանի՝ խորհրդականի կարիերան:

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 425 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 5 մլն դրամ եւ 20 հազար դոլար:

Վարչապետի գլխավոր խորհրդականը որեւէ եկամուտ չի հայտարարագրել, սակայն 2021 թվականի եկամուտների եւ գույքի մասին հայտարարագրում նշել է 15 մլն 490 հազար դրամ եկամուտ:

Այդ ժամանակահատվածում խորհրդականը զբաղեցնում էր Արմավիրի մարզի մարզպետի պաշտոնը, որի համար ստացել է 12 մլն 780 հազար դրամ աշխատանքի վարձատրություն: Նույն թվականի նոյեմբերին նա ստանձնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը եւ ստացել 2 մլն 710 հազար դրամ. այդ ժամանակաշրջանում Մաթեւոսյանը ՀՀ Կառավարությունից որպես աշխատավարձ ստացել է 21 մլն 306 հազար դրամ, բայց որպես խորհրդական որքան եկամուտ է ստացել եւ որքան է վարձատրվել՝ անհայտ է:

Մաթեւոսյանի կինը՝ Անի Բունիաթյանը եւս ոչ մի ֆինանսական միջոց չի հայտարարագրել, սակայն 2021 թվականի եկամուտների, շահերի եւ ծախսերի վերաբերյալ հայտարարագրում նշել է 700 հազար դրամ աշխատանքի վարձատրության մասին «ԼՈՒՍԻՏԵՔ» ՍՊԸ-ից եւ ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարությունից:

Ինչպե՞ս ստացվեց, որ գյումրեցի Մաթեւոսյանը, որ աշխատում էր Ամերիկյան համալսարանում որպես խորհրդական, 2018 թվականին դարձավ Արմավիրի մարզի մարզպետ:

Նա այն նորելուկ քաղաքական գործիչներից էր, որ թավշյա հեղափոխությունից հետո յուղալի պաշտոններ ստանձնեց եւ մինչ այսօր տեղից տեղ տեղափոխվելով՝ վերջիվերջո հաստատվեց այնտեղ, որտեղ «ՔՊ-ի հայրն է»:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, Սիմիդյանը ազատվել էր օտար լեզուների չտիրապետելու պատճառով, իսկ Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովին՝ COP-17-ին, որի ժամանակ բազմաթիվ հյուրեր են լինելու:

Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Հակոբ Սիմիդյանին եւ նոր նախարարին հաջողություն մաղթելով՝ շեշտել էր, որ այս պահին կարեւոր է COP-17-ին պատրաստվելը:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ




Լրահոս