Երեկ Armlur.am-ը տեղեկացավ, որ Քննչական կոմիտեն գործողություններ է իրականացրել «Ռիբոկ» սպորտային ակումբում:
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Երեւանում պաշտոնապես բացվել էր «Ռիբոկ» սպորտային ակումբը: Բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել էին Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ «Ռիբոկ» սպորտային ակումբի սեփականատերեր Արմենուհի եւ Պետրոս Գեւորգյանները: Ներկա էր եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «Ռիբոկ»-ը Հայաստանում եւ տարածաշրջանում առաջին անգամ էր ներկայացվում: Ակումբի շինարարությունը մեկնարկել էր դեռեւս 2015 թվականին, ավարտվել` 2017 թվականի հունիսին: Ծրագրի արժեքը կազմել էր 23 մլն եվրո: Կենտրոնը կառուցվել է միջազգային չափանիշներով` «Ռիբոկ» ընկերության հսկողությամբ, եւ հագեցվել է ֆիթնես ոլորտում առաջատար 40 ընկերությունների լավագույն սարքավորումներով:
«Ռիբոկ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Դենիել Ալվարեսը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հայաստանյան թիմի հետ համագործակցության արդյունքները գոհացուցիչ են:
«Հետխորհրդային երկրներից մեզ շատ են դիմում «Ռիբոկ»-ի ներկայացուցչություն ունենալու համար, մենք Հայաստանում տեսանք այդ պոտենցիալը եւ մեզ դուր եկավ հայաստանյան թիմի առաջարկությունների հետաքրքիր փաթեթը: Մենք շատ ուրախ ենք համագործակցության համար, արդյունքները գոհացուցիչ են: Այստեղ լավագույն պայմաններն են ստեղծված»,- նշել էր Դենիել Ալվարեսը:
«Ռիբոկ» սպորտային ակումբի գլխավոր հիմնադիր տնօրեն Արմենուհի Գեւորգյանը ասել էր, որ իրենք ներկայացնում են ճկուն փաթեթներ: Ակումբը կարող է տարեկան սպասարկել շուրջ 15 հազար մշտական հաճախորդի, որոնք կարող են ձեռք բերել մեկամսյա, եռամսյա, վեցամսյա եւ տարեկան այցելության փաթեթներ: Այցելուները կարող են օգտվել լողավազանի, ֆիթնեսի, ջրային աերոբիկայի, մարզասրահի ծառայություններից:
Հավելենք, որ Արմինե եւ Պետրոս Գեւորգյանները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի զավակներն են:
Մի քանի ժամ ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել հարցի վերաբերյալ, սակայն ապարդյուն. նրանք մեր զանգերին չպատասխանեցին: Իսկ Ռուբեն Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը երկրում չէ, ու տեղյակ չէ, թե ինչ է կատարվում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ























