Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի
Երեւանի հրդեհավտանգ շոգից նույնիսկ շներն են փախչում զով տարածքներ:
Այս մեկը հանգիստ պառկել է գրախանութի սառը սալիկներին՝ հեռու արեւից ու աղմուկից:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար պարտադի՞ր է լինել գործող ուսուցիչ, թե՞ հայտ կարող են լրացնել նաեւ ուսուցիչ չաշխատող անձինք:
Գոհար Վարդանյան (23 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Վարդանյանի հարցին ի պատասխան հայտնում ենք՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչները, ինչպես նաեւ համապատասխան կարգով սահմանված առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձինք կամավոր ատեստավորման դիմելու համար պետք է իրականացնեն ստորեւ ներկայացված քայլերը.
. կամավոր ատեստավորման դիմելու համար պետք է օգտվեն at.emis.am համակարգից,
. գրանցվեն, ակտիվացնեն հարթակում հաշիվ,
. մուտքագրեն անհրաժեշտ տվյալները, որից հետո սեղմեն «Հաստատել տվյալները» կոճակը. կբացվի էջ, որտեղ կառաջարկվի ընտրել երեք տարբերակներից մեկը, որտեղ ուսուցիչ չաշխատող անձը պետք է ընտրի «Տվյալ պահին չեմ աշխատում» տարբերակը,
. հաջորդիվ պետք է ընտրեն այն մասնագիտությունը, որից ցանկանում են անցնել կամավոր ատեստավորում, եւ սեղմեն «հաստատել»՝ հայտը ուղարկելու համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները կամավոր ատեստավորման են դիմում ուսուցիչ չաշխատող անձանց համար նախատեսված տարբերակով։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրումը։
Ներսես Կարապետյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանք տրամադրելու համար դիմում կարող են ներկայացնել՝
1) 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իր ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար անձամբ կամ լիազորած անձի միջոցով,
2) տասնութ տարին լրացած անձը՝ իր վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար,
3) շահագրգիռ անձը՝ մահացած անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար,
4) որդեգրողը կամ որդեգրողների մահվան դեպքում որդեգրվածը՝ որդեգրման պետական գրանցման ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար,
5) ծնողները (օրինական ներկայացուցիչները), խնամակալության եւ հոգաբարձության մարմինները՝ իրենց երեխաների կամ խնամակալության եւ հոգաբարձության ներքո գտնվող անձանց վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար,
6) տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար կարող է դիմել նաեւ իր մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանք տրամադրելու դիմում կարող է ներկայացնել նաեւ վերը նշված անձանց կողմից լիազորված անձը: Տեղեկանք տրամադրելու դիմում ներկայացնելու համար տրված լիազորագիրը չի պահանջում նոտարական վավերացում:























