Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենախոշոր խոստումներից մեկը եղել է էներգետիկ անկախության ապահովումը։ Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այլեւս կարեւոր չի համարում արեւային էներգիայի զարգացումը։ Մինչեւ այս տարվա հունիսի 31-ը գործած պետական սուբսիդավորման ծրագիրը չի երկարաձգվել, ինչի մասին «Ժողովուրդ»-ը պարզել է պաշտոնական աղբյուրներից։
Նախկինում կառավարությունը սուբսիդավորում էր արեւային կայանների տեղադրման վարկերի տոկոսադրույքները տարբեր չափերով՝ կախված տեղադրման վայրից։ Մասնավորապես՝
– Բարձր լեռնային կամ/եւ սահմանամերձ բնակավայրեր – 14%
– Գյուղական բնակավայրեր – 12%
– Մարզային քաղաքներ – 11%
– Երեւան քաղաք – 9%
Այս ծրագիրը հնարավորություն էր տալիս մինչեւ 10 մլն դրամ սահմանաչափով, մինչեւ 84 ամիս ժամկետով ստանալ վարկեր՝ սկսած 0% տոկոսադրույքից կամ վճարել 2-6 % ընդամենը: Վարկերը տրամադրվում էին բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման նպատակով՝ ի նպաստ ավելի ցածր կոմունալ ծախսերի։
Սակայն այսօր, երբ նույնիսկ բանկերը դեռ կայքերից չեն հասցրել հեռացնել «պետական սուբսիդավորմամբ արեւային վարկեր»-ի գովազդները, իրականությունն այլ է։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի երկարեցրել ծրագիրը։
ՏԿԵՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ «Բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, իսկ 2024 թվականի փետրվարի 23-ին, կառավարության որոշմամբ, ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2025-ի հուլիսի 1-ը: Ժամկետը լրանալու հիմքով՝ ծրագիրը դադարել է»:
Սա ոչ միայն հետքայլ է երկրի էներգետիկ անկախության ճանապարհին, այլ նաեւ հարված հազարավոր քաղաքացիներին, որոնք հույս ունեին տեղադրել արեւային համակարգեր եւ նվազեցնել կախվածությունը Փաշինյանի «ատելի» ՀԷՑ-ից։
Փոխարենը՝ կառավարությունն առաջնահերթ է համարում ՀԷՑ-ը «խլելու» եւ վերահսկելու ծրագիրը, քանի որ սեփականատեր-բարերար Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ մասնակցելու Հայաստանում քաղաքական ընտրությունների։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդդիմության վրա ակտիվ հարձակումով իր քաղաքական կարիերայի աճն է փորձում ապահովել. դատական հայց՝ վարչության անդամության դիմաց: Հիշեցնենք, որ Ավանեսյանի դեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց էր ներկայացրել: Ի պատասխան` նախարարը երեկ հայտարարեց, թե քրեական գործով հրապարակված վիճահարույց ձայնագրությանը, թե իբր սրբազանը քաղաքացիներին «խորը անասուն» է անվանել, պետք է համընդհանուր հայցով պատասխանել: Ավանեսյանի այս ակտիվացումը, սակայն, թիմում պատահական չեն համարում. առջեւում ՔՊ վարչության ընտրություններն են, իսկ ինքը առաջադրվել է վարչության անդամ դառնալու համար՝ պայքարելու կանանց համար նախատեսված քվոտայով կուսլիդերների շարքը համալրելու։ ՔՊ-ական կանանց մեջ պայքարը շատ թեժ է, եւ հիմա տիկին նախարարը որոշել է այս գնով իր հավատարմությունը ցույց տալ առաջնորդին։ Բայց այստեղ առաջանում են տարբեր հարցեր: Նախ՝ Արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ միասնական հայց կազմակերպելը ինչո՞ւ է հիմա սկսվում, եթե այդ մասին, ինչպես փաստաբաններն են գնահատել, «վիճահարույց» ձայնագրությունը մոտ մեկ ամիս առաջ էր քննչականը հրապարակել: Հետո՝ ինչո՞ւ է Ավանեսյանն իրեն «ներառել» նշված «խորը անասուն» արտահայտության անձանց թվում, կամ ինչո՞ւ է ուզում, որ մարդիկ իրենց վերագրեն դեռ չապացուցված ձայնագրության եւ անհասցե «խորը անասուն» արտահայտությունը ու գնան դատարան։ Երրորդ՝ Ավանեսյանը, լինելով իրավաբան, իր կայացրած որոշումների մեծամասնության դեպքում դատարաններում պարտվել է, հիմա ի՞նչ հույս ունի, որ հաղթելու է, եթե իշխանական լծակների վրա չի հենվում:
Նախընտրական փուլերում իշխանությունները հաճախ են հարցումներ պատվիրում հասկանալու համար, թե ինչպիսի վարկանիշ եւ սատարողների բանակ ունեն։ Նման մի հարցման հետեւում էլ կանգնած են այսօրվա իշխանությունները, սակայն բացի նախընտրական եւ քաղաքական հարցերից՝ խաղաքացիներին «հարցախեղդ» են արել նաեւ Եկեղեցու եւ Վեհափառ հայրապետի վերաբերյալ։
Ասել է թե՝ փորձել են պարզել, թե «Վեհարանը՝ Վեհին» խոսույթի շուրջ, որքան սատարողներ ունեն։
Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները, ինչպես արդեն մեկ անգամ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, մեղմ ասած, հոգեվարքի մեջ են գցել իշխանություններին։
Հերիք չէ այն հանգամանքը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը էականորեն նվազել է նախորդ տարվա հետ համեմատ, հիմա էլ եկեղեցուն սատարողներն են ավելացել։
Համաձայն այս հարցման՝ 1,505 քաղաքացու հարց է ուղղվել՝ «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ Հայ առաքելական եկեղեցու աշխատանքից»։
Հարցվածների 34%-ը «լիովին գոհ» է, 24%-ը «ավելի շուտ գոհ» է. այսինքն՝ 58%-ը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ունի դրական կարծիք եւ գոհ է վերջինիս աշխատանքից։
Հարցվածների 11%-ը «ավելի շուտ դժգոհ» է, 24%-ը «ընդհանրապես գոհ չէ», իսկ 6%-ը դժվարանում կամ հրաժարվում է պատասխանել։
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայ առաքելական եկեղեցուն վստահում է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը՝ ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի իշխանության:
Եթե իշխանությունը հավատա եւ վստահի իր իսկ կողմից պատվիրված հարցմանը, ապա կստացվի, որ գուցե Նիկոլ Փաշինյանը վեհարանի առջեւ միայնակ մնա թիմակիցների հետ։



















































































