Վեհարանին ուղղված Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից հետո հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ հետեւորդներ, հոգեւոր առաջնորդին սատարելու նպատակով, ուղեւորվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ «Ժողովուրդ» օրաթերթը եղել է Էջմիածնում եւ զրուցել հավատացյալների հետ՝ հասկանալու, թե ինչու են եկել, ինչ են կարծում կատարվողի մասին եւ ինչ սպասելիքներ ունեն եկեղեցի-պետություն հարաբերություններից։
«Ես՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ, կանգնած եմ մեր Վեհափառի կողքին եւ դեմ եմ Նիկոլ Փաշինյանի կողմից արվող բոլոր հայտարարություններին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծ գործեր ու ներդրումներ է արել ինչպես Մայր Հայաստանում, այնպես էլ Արցախում, որը, ի ցավ մեզ, Փաշինյանը հանձնեց թշնամուն, – այս մասին մեզ հետ զրույցում ասաց Էջմիածին քաղաքի բնակիչը:
Քաղաքացու հետ հարցազրույցը՝ ամբողջությամբ։
-Նիկոլ Փաշինյանը օրեր շարունակ կոչեր է անում, որ մարդիկ պատրաստ լինեն՝ գնալու են Էջմիածնի կենտրոնական հրապարակ եւ այնտեղից գրոհելու են Վեհարանը։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ։
-Ես՝ որպես հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, վճռականորեն դեմ եմ Նիկոլ Փաշինյանի այդ հորդորներին եւ կոչերին։ Ես կանգնած եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վեհափառ հայրապետի կողքին եւ մինչեւ վերջ սատարելու եմ։
-Բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին հիշատակում են, թե որքան կարեւոր գործեր է արել Վեհափառը։ Ի՞նչ կարող եք Դուք առանձնացնել։
-Վեհափառ հայրապետը շուրջ երկու տասնյակ տարիների իր կառավարման ընթացքում հարյուրավոր եկեղեցիներ է վերակառուցել ու վերանորոգել, եղել է որպես բարերար կաթողիկոս։ Նա բազմիցս օգնել է թե՛ տեղի բնակչությանը, թե՛ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ 44-օրյա պատերազմից հետո Դադիվանք գնալու հնարավորությունը հենց Վեհափառի անձնական կապերով էր հնարավոր դարձել։ Բացի դրանից, Մայր Աթոռը անմիջապես 44-օրյա պատերազմից հետո կազմակերպեց մեծածավալ մարդասիրական օգնություն, ինչը, իրապես, չէր կարող աննկատ մնալ։ Վերջին շրջանում գերեվարված հայերի վերադարձի հարցերում եւս Վեհափառ հայրապետը լուռ, բայց կարեւոր դեր է խաղացել։ Շատ դեպքերում հենց Մայր Աթոռի միջնորդությամբ հնարավոր է եղել այդ հարցերի լուծումը՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ոչ դիվանագիտական ճանապարհներով։
-Այսօր կալանքի տակ են հոգեւոր երկու հայրեր՝ Միքայել եւ Բագրատ սրբազանները։ Ձեր կարծիքով ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել։
-Ես համբերություն եմ մաղթում ե՛ւ մեր սրբազաններին, ե՛ւ ամբողջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալներին։ Այլ լուծում այս հարցը չունի. նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Նրանց հետ միասին պետք է ազատ արձակվեն նաեւ Սամվել Կարապետյանը եւ մեր մյուս քաղբանտարկյալները։ Սա ոչ միայն իրավական, այլեւ բարոյական հարց է։
-Պետություն-եկեղեցի հարաբերությունները, ըստ Ձեզ, ի՞նչ ընթացք կունենան։
-Այստեղ իշխանության կողմից պետք է դրսեւորվի զսպվածություն։ Չի կարելի այս հարցերում շահարկել ժողովրդի հուզական վիճակը։ Եկեղեցին մեր ինքնության մի մասն է, եւ դրա դեմ ուղղված քայլերը կարող են պառակտել հասարակությանը։ Խաղաղություն եւ խոհեմություն է պետք բոլոր կողմերից։
-Իսկ ի՞նչ կասեք Փաշինյանի նման հայտարարությունների մասին. ի՞նչ նպատակով են դրանք արվում։
-Ինձ համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կազմաքանդել Հայ Առաքելական Եկեղեցին։ Նրա ցանկությունն է տեսնել Մայր Աթոռը՝ առանց հոգեւորական դասի, առանց ձայնի, առանց ազդեցության։ Սա կարճատես քաղաքականություն է, որը չի բխում պետության շահերից։
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ



















































































