Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը դատավոր Ա. Մուշեղյանի նախագահությամբ մերժել է Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի եւ խմբագիր Քնար Մանուկյանի։
Սա խարազյանի երկրորդ հայցն էր ընդդեմ մեր օրաթերթի։
Խարազյանը դիմել էր դատարան՝ պահանջելով հերքում «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոռումպացված համակարգը շարունակում է մնալ այդպիսին նաեւ այսօր. ՊՎԾ ղեկավարի նոր բացահայտումները» հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունների համար եւ պահանջել 200,000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
«Հիշեցնենք, որ ՊԱԳ-ը բոլոր ժամանակներում է աչքի ընկել անբարեխիղճ եւ կոռումպացված գործունեությամբ, ինչպես նկարագրեց Պետրոսյանը: Դեռ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննվող մի քրեական գործով հունիսի 13-ին ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը սկսել է հետաքննություն՝ պարզելու, թե ինչ եղավ այս գործը»,-նշված էր մեր հրապարակման մեջ։
Ըստ հայցվորի՝ լրատվամիջոցն արատավորել է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը՝ թիրախավորելով իրեն իբրեւ անբարեխիղճ եւ կոռումպացված գործունեություն ծավալած անձ, քանի որ ինքը «իբր կասկածվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար», սակայն դեռեւս 2016 թվականին հարուցված քրեական գործը կարճվել է, եւ նա որեւէ հանցանքի կատարման գործում «չի կասկածվում եւ չի մեղադրվում»։ Հայցվորը նաեւ նշել է, որ թեեւ նյութի մեջ տեղ են գտել այլ անձանց անուններ նույնպես, բայց հրապարակվել է միայն իր լուսանկարը, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ օրաթերթը դիտավորությամբ ու նպատակային թիրախավորել է հենց իրեն։
Նկատենք, որ այս հրապարկման մեջ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի Հանրային հեռուստաընկերության եթերով թողարկված հաղորդման ժամանակ հնչեցրած դիրքորոշմանը, այսինքն՝ տեղեկատվության աղբյուրը հայտնի է:
Ինչ վերաբերում է Սամվել Խարազյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա դրա վերաբերյալ խմբագրությունը իրավասու պետական մարմնից ստացել էր գրավոր ապացույց առ այն, որ հարուցվել է քրեական գործ, որի քննության ընթացքում հայցվորը ձերբակալվել է, նրան առաջադրվել է մեղադրանք, նրա նկատմամբ կիրառվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը: Նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք, այդ թվում՝ հայցվորը, զղջացել են կատարված հանցավոր արարքների համար, որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին, այսինքն՝ հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով։
Նշանակում է, մեր հրապարակման մեջ իրականությանը չհամապատասխանող որեւէ փաստացի տվյալ չի հրապարակվել, քրեական գործ հարուցված է եղել, հայցվորը այդ քրեական գործով ներգրավված է եղել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց:
Դատարանը եւս արձանագրել է, որ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել է կոնկրետ եւ հստակ տեղեկատվություն Սամվել Խարազյանի վերաբերյալ, ըստ էության՝ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու, հանցավոր վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ:
Հետեւաբար, քանի որ արված արտահայտությունը հիմնված է ստույգ փաստերի վրա, այն չի կարող գնահատվել զրպարտություն: Հենց այս հիմքով էլ ՊԱԳ-ի տնօրենի հայցը մերժվել է։
Շնորհակալ ենք «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության ողջ թիմին՝ ի դեմս մեր փաստաբան Սառա Վանդունցի, ազատ արտահայտման մեր իրավունքը պաշտպանելու համար։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐԱՑՎԵՆ
Նախկինում հրապարակել ենք, որ Դիլիջան համայնքի Հովք գյուղի մանկապարտեզում, որպես դաստիարակ, աշխատանքի են ընդունել մասնագիտությամբ բուժքրոջ այն դեպքում, երբ Հովքում, Դիլիջան համայնքի այլ բնակավայրերերում կան աշխատանք չունեցող, մանկավարժական բարձրագույն կրթությամբ բազում անձինք։
Մեր թղթակիցը հրապարակումն ուղարկել է ՀՀ կրթական տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատակյանին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել։ Հուլիսի 14-ին ստացել ենք Վ. Մատակյանի պատասխանը, որտեղ նշված է. «Հիմք ընդունելով ՀՀ տեսչական մարմնին Ձեր գրությամբ հաղորդած՝ ՀՀ Տավուշի մարզի Հովք գյուղի մանկապարտեզին (Դիլիջան համայնքի «Հաղարծնի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաճյուղ, այսուհետ նաեւ՝ մանկապարտեզ) վերաբերող տեղեկատվությունը՝ տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 8-ի N 99-Ա հրամանով տեսչական մարմնի նախաձեռնությամբ մանկապարտեզի նկատմամբ հարուցվել եւ իրականացվել է վարչական վարույթ (այսուհետ նաեւ՝ վարույթ)՝ «Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն առանց թափուր տեղի համար մրցույթի հայտարարություն տալու, Դիլիջան համայնքի Հովք գյուղի մոբայլ մանկապարտեզում որպես դաստիարակ աշխատանքի է ընդունել մասնագիտությամբ բուժքույր» հարցերին առնչվող կասկածների հիմքերով։ Վարույթի ընթացքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներ։ Խախտումները վերացնելու ուղղությամբ մանկապարտեզի տնօրենի պարտականությունները կատարողին տրվել են հանձնարարականներ: Վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի՝ կարգադրության պատճենն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարին», – ասված է պատասխանում:
ԱՂՍՏԵՎԻ ՀՈՒՆԻ ՄԱՔՐՈՒՄԸ ԿԻՍԱՏ ԵՆ ԹՈՂԵԼ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հուլիսի 10-ին հարցում ենք արել՝ նշելով. «Կառավարության 2024թ. նոյեմբերի 11-ի թիվ 1800-Ն որոշմամբ՝ հատկացվել է 70 միլիոն դրամ Աղստեւ գետի հունը մաքրելու համար։ Այդ գումարից որքա՞նն է վճարվել, գետի հունի մաքրման աշխատանքները նախատեսվածի ի՞նչ չափով են իրականացվել»։
Մարզպետարանից պատասխանել են. «Կատարողական ակտերի հիման վրա ֆինանսավորվել է 26003.4 հազար դրամ, մնացած գումարը տարեվերջին հետ է փոխանցվել ՀՀ պետական բյուջե»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ


















































































