Armenian text to speach

ԿԻՐԱՆՑԻ ԵՎ ՍՐՎԵՂԻ ՎԱՆՔԵՐԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՍՏԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տավուշի մարզում սկսվել են մի շարք մշակութային հուշարձանների վերականգնման եւ ամրակայման աշխատանքներ։ ՀՀ ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները վերջերս այցելել են մարզ՝ տեղում ծանոթանալու գործընթացին եւ քննարկելու տեխնիկական խնդիրները։

 

Մասնավորապես ուշադրության կենտրոնում են Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին եւ Սրվեղի վանական համալիրը։ Կիրանցի եկեղեցում, որն ունի տեղական նշանակություն եւ համարվում է նորահայտ հուշարձան, իրականացվում են զանգակատան վերականգնման եւ խոշորաչափ քիվերի տեղադրման աշխատանքներ։ Սրվեղի վանքում, որը պետական ցուցիչով ընդգրկված է հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում, ընթացքի մեջ են կարալցման (պատերի ամրացման) աշխատանքները։

Տեղում քննարկվել են նաեւ վերականգնման բարդությունները, մասնավորապես՝ ոչ ստանդարտ չափի աղյուսների ներկրումը արտերկրից՝ եկեղեցական ճարտարապետությանը հավատարիմ մնալու համար։ Մասնագիտական քննարկումներն ընդգրկել են ինչպես վերականգնող ճարտարապետների, այնպես էլ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը։

 

Կիրանցի Սուրբ Երրորդություն

1888 թվականին կառուցված Կիրանցի Սուրբ Երրորդություն բազիլիկ տիպի եկեղեցին խորհրդային տարիներին դադարել էր գործել։ Տարիներ շարունակ այն ծառայում էր որպես ցորենի պահեստ, ինչն իրադարձությունների երջանիկ ընթացք կարելի է համարել՝ հաշվի առնելով, որ իշխանությունները նախատեսում էին այն ամբողջությամբ քանդել։ Գյուղի ղեկավար Աբգար Նազարյանի ջանքերով շենքը պահպանվեց։

Սակայն տարիների ընթացքում տանիքը ավերվել էր, պատերը՝ ճաքել, մուտքերն ու պատուհանները՝ փակվել։ 2023-ին պետական բյուջեով Կառավարությունը հատկացրեց շուրջ 66 միլիոն դրամ՝ այս արժեքավոր հուշարձանը վերականգնելու նպատակով։ Այս որոշումն իրատեսական հույս է տալիս, որ եկեղեցին ոչ միայն կվերականգնվի, այլ նորից կդառնա համայնքային կյանքի մի մաս։

 

Սրվեղի վանք. մոռացված միջնադարը

Մյուս կարեւոր հուշարձանը՝ Սրվեղի վանքը, գտնվում է Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավարեւմուտք՝ Խաչի Տակ անտառապատ վայրում։ Այն կառուցվել է դեռեւս 13-րդ դարում եւ համարվում է տարածաշրջանի ամենահին աղյուսաշեն եկեղեցիներից մեկը։

Վանական համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Նշան եկեղեցիները, ինչպես նաեւ օժանդակ կառույցներ, որոնք ժամանակին ընդգրկված են եղել շրջապարսպի մեջ։ Տարածքում պահպանվել են նաեւ գերեզմանոցների, բնակելի եւ տնտեսական շինությունների մնացորդներ։

Վանքը ներկայումս կիսավեր վիճակում է, սակայն սկսված աշխատանքները, եթե հետեւողականորեն շարունակվեն, կարող են զգալիորեն փոխել պատկերն ու վերականգնել տարածքի երբեմնի հոգեւոր նշանակությունը։

ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս