Լուսանկարը՝ համացանցից
Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մուտքի մոտ դրված այս ցուցանակը հուշում է՝ հոգեւոր տարածք մուտք գործելիս պարտադիր է համեստ հագուստ, զսպված վարք. թեպետ տարօրինակ է, որ եկեղեցի մուտք գործելու համար նման հիշեցման անհրաժեշտություն կա։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞րն է քաղաքացիական ծառայող դառնալու համար անհրաժեշտ կրթության չափանիշը:
Արտակ Տոնոյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար ՀՀ քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, իսկ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ համապատասխան մասնագիտական կրթություն՝ բացառությամբ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար, որոնց համար առնվազն միջնակարգ կրթություն է պահանջվում:
ՀՀ քաղաքացիական ծառայության գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առանձին դեպքերում մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար պաշտոնի անձնագրով կարող է սահմանվել բարձրագույն (մասնագիտական) կրթություն ունենալու պահանջ:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ավագանին կարո՞ղ է բողոքարկել համայնքի ղեկավարի որոշումները եւ ո՞ր դեպքում:
Արմենուհի Շատվերյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է նախաձեռնել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր բողոք` համապատասխան հիմնավորումներով՝ առաջարկելով համայնքի ղեկավարին փոփոխել իր որոշումը:
ՀՀ ՏԿԵՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի որոշումը համարվում է չընդունված:
Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:



















































































