Ստամբուլում կայացել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների երրորդ փուլը, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել գերիների փոխանակումը։ Ռուսաստանը պահանջել է վերադարձնել իր քաղաքացիներին, այդ թվում՝ երեխաներին։ Իսկ բարձր մակարդակով հանդիպում՝ Պուտինի եւ Զելենսկու միջեւ, հնարավոր է միայն մանրակրկիտ նախապատրաստությունից հետո։
Այս անգամ, ի տարբերություն նախորդ հանդիպումների, ուկրաինական պատվիրակությունը ժամանել է ժամանակին, իսկ պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը նույնիսկ ավելի շուտ է եկել, քան ռուսական կողմը։ Ստամբուլյան գործընթացը վերսկսվել է Մոսկվայի նախաձեռնությամբ մայիսի 16-ին, երբ կողմերը համաձայնել են աննախադեպ մասշտաբով գերիների փոխանակման՝ 1000-ը 1000-ի դիմաց, եւ ներկայացրել են հրադադարի հնարավոր պայմանները։ Կիեւը բարձրացրել է Պուտին-Զելենսկի անձնական հանդիպման հարցը։
Երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին, որի ընթացքում Ռուսաստանը ներկայացրել է հրադադարի մասին հուշագիր, սակայն Կիեւը այն մերժել է։ Կողմերը պայմանավորվել են փոխանակել ծանր հիվանդ եւ մինչեւ 25 տարեկան գերիներին, իսկ Մոսկվան հայտնել է պատրաստակամություն՝ Ուկրաինային փոխանցելու եւս 6000 զոհված զինծառայողի մարմին։
Երրորդ փուլում, ինչպես նախորդ անգամ, բանակցությունները վարել են Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ։ Մեդինսկին նշել է, որ բոլոր հումանիտար հարցերով ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվել են։ Վերջին գերիների փոխանակումը՝ 250-ը 250-ի դիմաց, ավարտվել է հենց հանդիպման ընթացքում։ Հաջորդ փուլում նախատեսվում է փոխանակել 1200-ական գերի։ Ռուսաստանը պատրաստ է փոխանցել եւս 3000 զոհված ուկրաինացի զինծառայողի մարմին Կարմիր խաչի միջոցով, երբ Կիեւը պատրաստ լինի։ Ծանր վիրավորների եւ հիվանդների փոխանակումը կշարունակվի անժամկետ։
Քաղաքացիական անձանց հարցում իրավիճակը ավելի բարդ է։ Մեդինսկին նշել է, որ Ուկրաինան անհայտ պատճառներով պահում է 30 քաղաքացի, որոնք դուրս են բերվել Կուրսկի մարզից։ Կիեւը պետք է պարզաբանի նրանց կարգավիճակը։ Ռուսաստանը ավարտել է նախորդ հանդիպման ժամանակ ստացված ուկրաինացի երեխաների ցուցակի ուսումնասիրությունը. պարզվել է, որ նրանցից շատերը երբեք Ռուսաստանում չեն եղել, իսկ 50-ը, ըստ ստուգման, արդեն չափահաս են։ Մնացածը գտնվում են պետական վերահսկողության ներքո։ Ռուսաստանի ներկայացուցիչ Գալուզինը կոչ է արել Կիեւին վերադարձնել ռուս երեխաներին, որոնք պահվում են Ուկրաինայում եւ ԵՄ երկրներում։
Մոսկվան կրկին առաջարկել է 24 եւ 48 ժամ տեւողությամբ կարճաժամկետ հրադադարներ՝ զոհվածների մարմինները դուրս բերելու համար։ Առաջարկվել է ստեղծել երեք աշխատանքային խումբ՝ քաղաքական, հումանիտար եւ ռազմական հարցերով՝ առցանց համագործակցության համար։ Ուկրաինական կողմը խոստացել է քննարկել այս առաջարկը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հուշագրեր, սակայն կողմերի դիրքորոշումները դեռեւս հեռու են միմյանցից։ Պուտին-Զելենսկի հանդիպումը, հնարավոր է միայն մանրակրկիտ նախապատրաստությունից հետո, քանի որ այն պետք է դառնա վերջնական բանակցություն։ Երրորդ փուլը ուշացել է գերիների փոխանակման ժամկետների պատճառով։
Հունիս-հուլիս ամիսներին Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել ավելի քան 7000 զոհված զինծառայողի մարմին, ինչը դժվարությամբ է իրականացվել, քանի որ Կիեւը սկզբում չի համաձայնել։
Անի Վարդանյան


























