Փաստաբանին սպանելու փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել: Դեպքը կապված է Արթիկի սարերում ենթադրյալ հանցագործների եւ տուժողների հետ միջադեպի մասին:
ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Գոռ Գևորգյանը ահազանգել էր, որ իրավապահները քայլեր չեն իրականացնեն Արթիկում սպասվող հանցագործությունը կանխելու համար:
Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ Արթիկում 772 ոչխար են գողացել ու իրավապահները մատները մատներին չեն տալիս գողին ու հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:
ArmLur.am-ի այս ահազանգից հետո իրավիճակը ոչ թե բարելավվում, այլ վատթարանում է: Ոստիկանների ներկայությամբ ոչխարներ գողացած անձը մեքենան քշում է տուժողների ուղղությամբ՝ ցանկանալով վնասել նրանց։
Հիշեցնենք, որ հայտնել էինք, որ ըստ փաստաբանի՝ 772 ոչխար են գողացել եւ կոնկրետ անուններ են տվել, սակայն որեւէ քայլ չի իրականացվում։
Հավելենք՝ ArmLur.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին. «Խնդրո առարկա միջադեպից անմիջապես հետո երկու անձ ոստիկանության ծառայողների կողմից տեղում ձերբակալվել են, մասնավորապես՝ մեկը սպանության փորձի, մյուսը՝ սպանության սպառնալիք հնչեցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
Բացի այդ, տեղում ծառայություն իրականացրած համայնքային ոստիկանները ժամանած լրացուցիչ ուժերի հետ միասին կանխել են քննչական գործողության իրականացման վայրից ոչխարների հոտի տեղափոխումը:
Նկարագրված գործողությունները օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հրապարակված տեսագրության մեջ արտացոլված չեն»:


















































































