ՀԱՐՑ. Ուզում եմ գնացքով մեկնել Վրաստան, հիմա` տարվա այս եղանակին, գնացքն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե աշխատում է, ապա հետաքրքիր է իմանալ` օգտվողների թիվը շա՞տ է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան-Բաթում-Երեւան գնացքը սեզոնային գնացք է, եւ գործում է հունիսի վերջից մինչ սեպտեմբերի վերջ, իսկ մնացած ամիսներին գործում է Երեւան-Թբիլիսի գիծը: Թբիլիսի մեկնել ցանկացողները կարող են տոմսեր ձեռք բերել եւ շաբաթվա բոլոր զույգ օրերին գնացքով մեկնել Թբիլիսի, գնացքը շարժվում է Երեւանի կայարանից երեկոյան ժամերին: Միայն 2011 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Երեւան-Թբիլիսի ուղղությամբ տեղափոխել ենք 1700 ուղեւոր, համեմատելով 2010 թվականի հոկտեմբեր ամսվա հետ` այդ թիվը 500 ուղեւորով ավել է, այսինքն` 2010-ին տեղափոխել ենք 1200 ուղեւոր: Տոմսերի գները սկսվում են 5500 դրամից, բնականաբար, այնտեղից կան գնացքներ, որոնք շարժվում են Վրաստանի այլ քաղաքներ: Իսկ այժմ մենք ապահովում ենք միայն Երեւան-Թբիլիսի ուղղությունը:
հասարակայնության հետ կապերի
ծառայության պետ Վահե Դավթյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանգստյան սեզոնի ավարտը երկաթուղու փոխադրումների ծավալի կտրուկ նվազմամբ է առանձնանում: Պարզ է, որ տարվա մյուս ամիսներին Երեւան-Բաթում գծի շահագործումը տնտեսապես շահութաբեր չի կարող լինել: Թվերը հուշում են, որ նույնիսկ Երեւան-Թբիլիսի ուղերթից օգտվողների թիվն այդքան էլ շատ չէ: Ամեն դեպքում, Բաթում հասնելու համար կարելի է օգտվել Երեւան-Թբիլիսի, Թբիլիսի-Բաթում ուղերթից: