Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ սեպտեմբերին Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը՝ դառնալով առաջին G7 երկիրը, որը նման քայլ է անում։ Այս մասին Մակրոնը գրել է իր X սոցիալական ցանցում՝ նշելով, որ պաշտոնական հայտարարությունը կարվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Նյու Յորքում։
«Այսօր հրատապ անհրաժեշտություն է Գազայի պատերազմը դադարեցնելը և քաղաքացիական բնակչությանը փրկելը։ Խաղաղությունը հնարավոր է։ Անհրաժեշտ է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների ազատում և Գազայի բնակչությանը լայնածավալ մարդասիրական օգնության ցուցաբերում», – գրել է Մակրոնը։
Պաղեստինցի պաշտոնյաները ողջունել են Մակրոնի որոշումը, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է այն՝ նշելով, որ այս քայլը «խթանում է ահաբեկչությունը»՝ հիշեցնելով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի ուղղությամբ Համասի հարձակման մասին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես քննադատել է Մակրոնի հայտարարությունը՝ այն անվանելով «անպատասխանատու» և նշելով, որ ԱՄՆ-ը «կտրականապես մերժում է» Ֆրանսիայի որոշումը։
Հիշեցնեք, որ G7-ը խոշոր արդյունաբերական երկրների խումբ է, որի կազմում Ֆրանսիայից բացի ընդգրկված են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Գերմանիան, Կանադան և Ճապոնիան։
Մակրոնը իր գրառման մեջ նշել է. «Հավատարիմ մնալով Մերձավոր Արևելքում արդար և տևական խաղաղության մեր պատմական հանձնառությանը՝ ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստինը, որպես անկախ պետություն։ Մենք պետք է երաշխավորենք նաև Համասի զինաթափումը, ապահովենք և վերակառուցենք Գազան։ Այլընտրանք չկա»։
Մակրոնը նաև նամակ է ուղարկել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին՝ հաստատելով իր որոշումը։
Պատասխանելով Մակրոնի հայտարարությանը՝ Աբասի տեղակալ Հուսեյն ալ-Շեյխը նշել է. «Այս դիրքորոշումը արտացոլում է Ֆրանսիայի հանձնառությունը միջազգային իրավունքի նկատմամբ և աջակցությունը պաղեստին ժողովրդի ինքնորոշման և անկախ պետության ստեղծման իրավունքին»։
Իսկ Նեթանյահուն X-ում գրել է. «Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Մակրոնի որոշումը՝ ճանաչել Պաղեստինյան պետությունը Թել Ավիվի կողքին՝ հոկտեմբերի 7-ի կոտորածից հետո։ Նման պայմաններում Պաղեստինյան պետությունը կդառնա հարթակ Իսրայելը ոչնչացնելու համար, ոչ թե նրա կողքին խաղաղ ապրելու։ Եկեք հստակեցնենք՝ պաղեստինցիները չեն ցանկանում պետություն Իսրայելի կողքին, նրանք ցանկանում են պետություն Իսրայելի փոխարեն»։
Համասը Ֆրանսիայի որոշումը որակել է որպես «դրական քայլ ճիշտ ուղղությամբ» և կոչ է արել բոլոր երկրներին հետևել Ֆրանսիայի օրինակին։
Ներկայումս Պաղեստինը ճանաչված է ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից ավելի քան 140-ի կողմից։ Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Իսպանիան և Իռլանդիան, նույնպես ճանաչել են Պաղեստինը, սակայն Իսրայելի հիմնական դաշնակիցները՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, դեռ չեն ճանաչել։
Հիշեցնենք, որ Իսրայելի բանակը Գազայում ռազմական գործողություններ է սկսել՝ ի պատասխան Համասի հարձակման, որի հետևանքով Իսրայելում սպանվել է մոտ 1,200 մարդ, իսկ 251-ը՝ պատանդ են վերցվել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ ժամանակից ի վեր Գազայում զոհվել է առնվազն 59,106 մարդ։ Գազայի մեծ մասը վերածվել է ավերակների։
ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների գործակալությունը (UNRWA) հայտնել է, որ Գազա քաղաքում յուրաքանչյուր հինգերորդ երեխան այժմ թերսնված է, և դեպքերը օրեցօր ավելանում են։ Ավելի քան 100 միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպություններ նախազգուշացրել են Գազայի հատվածում զանգվածային սովի վտանգի մասին՝ կոչ անելով կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել։
Իսրայելը, որը վերահսկում է Գազա մուտք գործող բոլոր մատակարարումները, պնդում է, որ շրջափակում չկա և մեղադրում է Համասին թերսնվածության դեպքերի համար։
Անի Վարդանյան






























